Ալիեւը օգնություն է խնդրում Հայաստանից. ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ալիեւը օգնություն է խնդրում Հայաստանից. ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-07-2020 16:49:51   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
«Մարտնչիր մեր դեմ մեն մենակ, տեսնենք ով կհաղթի», նախօրեին դիմելով Հայաստանին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը ադրբեջանական բանակի ծառայողներին բնակարան հատկացնելու արարողությանը: Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը «կործանիչ հարված» ստանալով Ադրբեջանից, օգնության է կանչել ՀԱՊԿ-ին, սակայն չի ստացել ոչինչ եւ ավելին՝ այդ կառույցի երեք երկրներ, ըստ Ալիեւի, իրենց են աջակցել տարբեր այլ կազմակերպությունների միջոցով:
Եվ ահա այդ խոսքերից հետո Ալիեւը «կոչ» է անում Հայաստանին՝ թե դուրս արի մեն մենակ, տեսնենք ով կհաղթի: Եթե Ադրբեջանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող անձը հավաստիացնում է, թե «կործանիչ» հարված են հասցրել Հայաստանին, որից հետո Երեւանը ստիպված է եղել դիմել օգնության համար ու չի ստացել այն, էլ ինչու՞ է Ալիեւի մոտ առաջանում «դե մեն-մենակ դուրս արի» տրամաբանությամբ կոչը:
Չէ՞ որ այդպիսի կոչը տրամաբանական կլինի, եթե պարտություն կրած կողմն անի: Այլապես, եթե պարտության են մատնել Հայաստանին, էլ ի՞նչ մեն մենակ՝ «տեսնենք ով կհաղթի»: Այդպիսով, մի կողմ թողնելով իհարկե տրամաբանության տղայական «մեկնության» խնդիրը, երբ ծեծ ուտողը դիմում է ծեծողին եւ ասում՝ «դե տղա ես, արի մեն-մենակ կռվենք», քաղաքական իմաստով Ադրբեջանի նախագահը խոստովանում է պարտությունը:
Ընդ որում, խոսելով, որ չի ցուցաբերվել ՀԱՊԿ որեւէ օգնություն, Ադրբեջանի նախագահը փաստացի խոստովանում է նաեւ, որ պարտվել է հենց «մեն-մենակ» դիմակայությունում:
Ավելին, Ալիեւը պարտվել է իր քաղաքական տրամաբանությանը, իշխանության փիլիսոփայությանը եւ ռազմական շանտաժի ու մարդասպանության ռազմավարությանը: Տավուշում այդ պարտությունը դրսեւորվել է հերթական անգամ, հայկական զինուժը ընդամենը հերթական անգամ մերկացրել է Ալիեւի քաղաքական եւ քաղաքակրթական պարտությունը:
Ադրբեջանի նախագահը պարտվել է «հայերի հանդեպ ատելության եւ մոտալուտ հաղթանակի» կոնստրուկցիային, որ դրել էր իր իշխանության հիմքում: Տավուշում ստացած հարվածից հետո նրա ելույթները իր այդ պարտության հետ մենակ մնալու պարբերական խոստովանություն են, բացարձակապես մենակ, անգամ Թուրքիայից: Անգամ Անկարան այլեւս չի խաղում Ալիեւի հետ: Անկարան խաղում է Ալիեւով, պատրաստ նրան զոհաբերել ցանկացած պահի, պարզապես ամենաբարձր գնով:
Խոշոր հաշվով, «մեն-մենակ» դուրս գալու մասին իր հայտարարությամբ նա ենթագիտակցորեն օգնություն է խնդրում Հայաստանից՝ թույլ չտալ որեւէ երրորդ կողմի տանել Ալիեւին անխուսափելի զոհաբերության: Բանն այն է, որ պաշտոնական Երեւանը Մինսկում ԵՏՄ վարչապետների հավաքի հետնաբեմում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով բարձրաձայնել է Ադրբեջանում ընդհուպ նախագահի փոփոխության օրակարգը:
Երեւանի խնդիրն է թույլ չտալ, որպեսզի այդ փոփոխությունը զարգանա շատ թե քիչ մասշտաբային ռազմական բախում ենթադրող մեթոդաբանությամբ: Մեծ հաշվով, թերեւս հենց այդտեղ է նաեւ Տավուշում ադրբեջանական «ուազիկային» սադրանքին ասիմետրիկ ռազմավարական հարվածի տրամաբանությունը, ռազմավարական առավելությամբ հետագա ավելի մասշտաբային լարվածություն կանխարգելելու համար: Բայց, փորձերը թերեւս կշարունակվեն, քանի դեռ Ադրբեջանում մի կողմից դե ֆակտո չկա իշխանություն, մյուս կողմից չկա իշխանության հարցում աշխարհաքաղաքական կոնսենսուս:
 
1in.am-ը գրում է. 
Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները գիշերը փորձել են գրոհել հայկական զինուժի տավուշյան սահմանագոտու արդեն հայտնի «Անվախ» դիրքը, որի շուրջը ծավալվում էին վերջին օրերի զարգացումները: Հայկական զինուժը հերթական անգամ հետ է մղել հարձակումը՝ կորուստներ պատճառելով հակառակորդին, իսկ մի խումբ էլ վերցնելով ծուղակի մեջ, ինչպես հայտնել էր պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը: Հայկական կողմը կորուստներ է պատճառել հակառակորդին: Մեր տղաները բարեբախտաբար չունեն որևէ կորուստ:
Հայաստանի ՊՆ խոսնակը արել էր բավականին ուշագրավ մի գրառում, որ ադրբեջանական ՊՆ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին: Դա արվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հերքել էին, թե հարձակում են գործել մեր դիրքի ուղղությամբ: Այս օրերին հանրության շրջանում շատ են հարցադրումները, այդ թվում նաև հանրային գործիչների շուրթերով, թե ի վերջո՝ ինչպիսի դիրքավորում է Տավուշի սահմանագոտու այդ հատվածում:
Այն, որ Ադրբեջանը արդեն տևական ժամանակ փորձում է ամեն գնով հետ բերել ինչ-որ կորուստ, այդ հարցերի թերևս լավագույն պատասխանն է, թե ինչպիսի գին ունի անհաջող սադրանքի հետևանքով կորուստը ադրբեջանցիների համար, որի մանրամասները ներկայումս թերևս նպատակահարմար չէ բարձրաձայնել: Հատկապես, որ իրադարձությունների զարգացումը շարունակվում է՝ չնայած հարաբերական անդորրին:
Բանն այն է, որ ակնառու է մի հանգամանք՝ Ադրբեջանն իսկապես կորցրել է իրադարձությունների հանդեպ վերահսկողությունը, ինչի վկայությունը այդ երկրի նախագահ Ալիևի վերջին օրերի հրապարակային վարքն է: Ալիևը երբեք չի եղել այդպիսի «անհետևողական» և էմոցիոնալ, որքան այս օրերին: Դա նշանակում է, որ հողը նրա ոտքերի տակից փախչում է կամ փախել է այլևս, իսկ այն, որ նա շարունակում է լինել դե յուրե նախագահ, էլ ավելի է ծանրացնում նրա վիճակը:
Բանն այն է, որ դե յուրե նախագահ Ալիևի պարագայում նրա վրա է հնարավոր գրել Ադրբեջանի ցանկացած անհաջողություն: Եվ հիմա թերևս որոշվում է, թե ինչքան է գրվելու Ալիևի վրա: Նա հայտարարել է, որ ընդդիմությունը երկրում ուզում է անել հեղաշրջում, և իրենք դա թույլ չեն տա:
Մինչդեռ բանն այն է, որ ընդդիմությունը հեղաշրջում չի անում, ընդդիմությունն անում է հեղափոխություն. ամբողջատիրական երկրներում հեղաշրջում անում են ներիշխանական խմբերը կամ թևերը: Ալիևը ըստ էության հայտարարել է ներիշխանական հեղաշրջման փորձի մասին, որի մի մասն էլ գուցե ծավալվում է հենց Տավուշի ուղղությամբ:
Հայաստանն իհարկե պետք է չափազանց աչալուրջ լինի Ադրբեջանում իշխանության փլուզման այդ գործընթացի հանդեպ Հայաստանի և Արցախի ուղղությամբ թռչող բեկորներին հակազդելու համար՝ իր հերթին ըստ էության անուղղակի կառավարելով այդ փլուզումը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 15-ի համարում գրել էր, որ կրթական նոր չափորոշիչների և, մասնավորապես, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրի շուրջ բանակցությունների համար կաթողիկոսի հետ հանդիպման էին գործուղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և մի քանի պատգամավորների: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ կաթողիկոսի և իշխանությունների միջև ավելի են սրվում հարաբերությունները, և հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասով այլ պայմանավորվածություն են ունեցել, իսկ հիմա մամուլից այլ բան են իմանում, և այն, ինչ պայմանավորվել են, տեղի չի ունենում:
Մենք տեղեկացանք, որ կաթողիկոսը տարօրինակ և անակնկալ է որակել առարկայի դասավանդման շուրջ տեղի ունեցածը, նաև հստակ բարձրաձայնել է, որ իրենք չեն ընդունում նոր չափորոշիչները և այն առաջարկը, որի համաձայն՝ այս առարկան պետք է դասավանդի Հայոց պատմություն առարկայի հետ: Ավելին, կաթողիկոսը նաև նկատել է, թե պետք չէ շտապել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրթական նոր չոփորոշիչներն ընդունելու հարցում, այլ պետք է քննարկել և դրանց մասնակից դարձնել նաև Եկեղեցու ներկայացուցիչներին:
Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների և Եկեղեցու միջև դեռ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերների հավաստմամբ՝ նրա մականունը դպրոցում և ուսանողական տարիներին եղել է «մորքուր»:
Այս մականվանը Վանեցյանը արժանացել է անվճռականության, որոշումներ կայացնելու անընդունակության և տղայական այլ հատկանիշների բացակայության պատճառով»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով, և զայրացած են նաև պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները ևս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ և չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս դժգոհություններն իրենց աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը և քննարկել ստեղծված իրավիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, և փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած, բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաև նախարարությունից, Գիտության և թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Բավական չէր, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրում էր նախարարությանը և բացահայտումներ անում, հիմա էլ բունտ հասունացավ դիմորդների շրջանում: Եվ հենց այս իրավիճակն է պատճառը, որ պատգամավորները կոնկրետ բացատրություն են պահանջելու»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ։
Մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ստացել Լևոն Յոլյանի վերաբերյալ։ Դիմումը վերաբերում է Լևոն Յոլյանի կողմից դստեր համար գնված թանկարժեք բնակարանին, որը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձի՝ դստեր՝ Աննա Յոլյանի հայտարարագրում արտացոլված չէ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը թանկարժեք բնակարանը Աննա Յոլյանի համար գնել է Բուզանդի 107 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի 12-րդ հարկում «Դակռուս» ՍՊԸ-ից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 242,5 ք/մ է:
Բնակարանի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Գործարքը կարծես թե տեղավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակում։ ԿԿՀ-ից, սակայն, հրաժարվեցին վարույթի հետ կապված որևէ տեղեկություն փոխանցել»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որևէ մեկին:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաև գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քյարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են:
Զրուցել էինք նաև Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատև ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան:
Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով և, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի: Եվ սա էլ պատահական չէ. բանն այն է, որ Արգիշտի Քյարամյանը երկու տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում և ներսից գիտի՝ դատախազությունում ինչ է կատարվում: Մասնավորապես, Քյարամյանը 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ: Եվ, ահա, իր փորձն աչքի տակ ունենալով՝ նա որոշել է իրեն տեղակալ բերել այդ համակարգից որևէ մեկին:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետևել պաշտոնական լրահոսին»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որևէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նաև իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության և խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլևս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երևույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն