Երեւանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ՝ կենդանուն ոչ նորմալ պայմաններում պահելու մասին.ՀԺ


Երեւանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ՝ կենդանուն ոչ նորմալ պայմաններում պահելու մասին.ՀԺ

  • 30-07-2020 16:17:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երաժիշտ, AlternatiV խմբի կիթառահար Կարապետ Բուռնազյանը երեկ ահազանգել էր, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում չափազանց նեղ վանդակում վաճառքի է դրված մի կապիկ: Իսկ կենդանուն նման պայմաններում պահելն, ըստ նրա, հավասար է տանջամահ անելուն:
 
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Կարապետը հայտնեց, որ մի քանի անգամ տեսել է, թե կապիկն ինչ անհարմար վիճակում է եւ որոշել որեւէ ելք գտնել նրան ազատագրելու համար: Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով: «Մտածում էինք՝ առնել, հետո ինչ-որ արգելոց տանել կամ այլ տարբերակ գտնել, բայց որ ասեցին գինը, հասկացանք, որ այս պահին կապիկն առնելն այդքան էլ իրատեսական չէ: Բացի դա մի բան էլ կա, ընկերոջս այդ գինն էին ասել, մեկ այլ տղայի ասել էին, թե կենդանին չի վաճառվում»,- ասաց նա:
 
Վերջինիս համոզմամբ՝ կենդանիների հետ կապված պիտի համապատասխան գերատեսչությունը զբաղվի եւ հստակ կանոններ ու չափորոշիչներ սահմանի, թե որ կենդանուն ինչ պայմաններում է կարելի պահել, կամ արդո՞ք կարելի է առահասարակ տվյալ կենդանուն անազատությամն մեջ պահել: «Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Կարապետ Բուռնազյանը:
 
Ավելի ուշ «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ Կարապետ Բուռազյանի ֆեյսբուքյան ահազանգի մասին երեկ տեղեկացել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները: Ավելին՝ նրանք նաեւ այցելել են  վերոնշյալ խանութ: Ականատեսների խոսքով՝ խանութի աշխատակիցները վստահեցրել են, որ վանդակը, որում այդ պահին գտնվել է կենդանին, ժամանակավոր է: Իբր պահել են այդտեղ մինչեւ կապիկի համար նախատեսված ավելի մեծ ու հարմար վանդակը պատրաստ լինի:
 
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Ծիպոյի թաթիկներ» խանութի հետ, հեռախոսազանգին պատասխանող  աշխատակիցը հրաժարվեց որեւէ տեղեկութուն տրամադրել՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները տեսչական մարմինները կտան:
 
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց աշխատակիցներն այցելե են խանութ, սակայն մանրամասներ չտրամադրեց, նշեց, որ շուտով հայտարարություն կտարարծեն:
 
Ավելի ուշ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տարածեց հաղորդագրություն, որ տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցները Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված վանդակում պահվող կապիկի վերաբերյալ գրառման հետքերով անմիջապես այցելել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում գտնվող կենդանաբանական խանութ («Ծիպոի թաթիկներ»): Աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն եւ տվել ցուցում՝ կապիկին ավելի մեծ ազատավանդակ տեղափոխելու մասին, որն անմիջապես կատարվել է։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը