Պատկերացրեք, էլ չեմ էլ ուզում կարծիք հայտնել, ինչ ուզում են, թող անեն
04-08-2020 10:41:42 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը
Տիկին Սաֆարյան, ի՞նչպե՞ս եք գնահատում փաստը, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Երվանդ Խունդկարյանը:
Պատկերացրեք, էլ չեմ էլ ուզում կարծիք հայտնել, ինչ ուզում են, թող անեն: Ոչ մի կարծիք էլ չունեմ, իրենք, իրենց ընտրած կադրը: Երբ դատական համակարգում ոչ մի բան չի փոխվել, հիմա ինչ էլ անում են, դրա շարունակությունն է:
Բայց այս քայլերն ուղղված չե՞ն դատական համակարգը փոխելուն:
Այս նույն համակարգի մեջ ընտրություն անելու պարագայում դժվար է ասել, թե այն միտված է դրական բան փոխելուն, թե հակառակը կլինի, թե տեղում կդոփի: Ոչինչ այդ առումով չեմ կարող ասել: Ես բավական լավատես մարդ եմ, բայց այս պահին այդքան էլ լավատես չեմ: Իմ պատկերացումներն այս պահին այնպիսին չեն, որ ասեմ՝ դրական քայլեր տեսնում եմ: Տեսնենք ուր կհասնենք: Չեմ ուզում ոչ մեկին ի սկզբանե կասկածի տամ դնել, բայց դատական համակարգից շատ-շատերը նույնն են, ինչ նախկին իշխանության տարիներին: Նույն ձևի կողմնորոշվող, նույն կերպ մոտեցումներ ունեցող, ի՞նչ է փոխվել այդ մարդկանց մեջ, որ իրենք գնան ՍԴ, ու մենք մտածենք, որ բան է փոխվել: Իմ կարծիքը այն է, որ լուրջ բան չի փոխվելու:
Այսինքն կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուները եթե ԱԺ-ի կողմից ընտրվեն, ապա մենք որևէ փոփոխություն չպե՞տք է սպասենք:
Իմ կարծիքով այո:
Իսկ կայի՞ն անաչառ, ավելի լավ թեկնածուներ, որոնք հանրային ընդվզում չէին առաջացնի:
Գիտեք, դա հիմա չպետք է արվեր: Իշխանություններն ունեցել են ժամանակ, որ տեսակավորեն դատարանները, ունեցել են ժամանակ լավը վատից առանձնացնելու համար: Ես չեմ ուզում ասել, թե ով է հարմար թեկնածու, չեմ էլ ուզում որևէ մեկին ընդգծել կամ հակառակը: Ես ուզում եմ ասել, որ եթե համակարգում բան չի փոխվել, այդ նույն դատական համակարգում շախմատի ինչ քայլեր էլ անես, նույն բանն է դուրս գալու, բան չի փոխվելու: Ես հիմա դատարանի դահլիճում շատ քիչ փոփոխություն եմ տեսնում: Դա չի բավարարում ոչ ժողովրդին, ոչ էլ այսօրվա գործող փաստաբաններին: Շատ ցավալի է, որ այսքան ասելուց հետո էլ բան չի փոխվում: Հիմա եթե սա դիտում են փոփոխություն, գուցե մի լավ բան գիտեն իրենք, որը մենք չգիտենք, ի՞նչ իմանամ:
Կարծում եք՝ այս թեկնածուների անցած ճանապարհը հաշվի առնելով, իշխանությունները անգամ չպետք է մտածեին նրանց առաջադրելու մասի՞ն:
Ըստ էության, սկզբից մինչև վերջին օղակը նույնն է մնացել: Այսօր ինչո՞ւ է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում այս վիճակը տիրում, որովհետև Վճռաբեկ դատարանը որպես բարձրագույն ատյան իր տեղում չի եղել: Հիմա էլ այս պահի դրությամբ Վճռաբեկ դատարանում ավելի շատ ձևական վերանայումներ են, ձևական գործերի հետ վերադարձեր են, քան իրավունքի զարգացման խնդիր է դրվում: Այս պարագայում ես հակված չեմ մտածել, որ Վճռաբեկ դատարանից, որը դեռևս իրեն չի արդարացրել որպես դատարան, մարդ տանելով ՍԴ, ինչ որ բան կփոխվի: Ես հակված չեմ Վճռաբեկ դատարանի առաջին դեմք հանդիսացող անձի մասին մտածել, որ այդ համակարգում նրա դերը քիչ է եղել, տանենք Սահմանադրական դատարան՝ մտածելով, որ ՍԴ-ում ուրիշ կերպ կարող է մտածել այդ մարդը: Կյանքը ցույց կտա, որ շատ բան չի փոխվի:
Տեսակետ կա, որ Երվանդ Խունդկարյանին խոստացել են, որ նա ՍԴ նախագահ կդառնա, հակառակ դեպքում չէր համաձայնի թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնն ու գնալ ՍԴ: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:
Ես ներքին խոհանոցից ոչինչ չգիտեմ, չգիտեմ ինչ են մտածում, ինչ են կուլիսներում պայմանավորվում: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է նա գնում Սահմանադրական դատարան: Իշխանությունները նպատակահարմարության խնդիրն են առաջ քաշում, ասում են՝ դինամիկ զարգացումներ կլինեն, մենք կունենանք արդար Սահմանադրական դատարան, կունենանք արդար դատարան, ես էլ ասում եմ՝ ոչ, այսպիսի ձևաչափերով մենք չենք ունենա այն, ինչ սպասում ենք: Դատական իշխանության անկախություն չենք ունենա, դատական իշխանությունը շարունակաբար կախված կլինի հին ուժերից, և մենք միշտ նույն մտավախությունները կունենանք, քանի դեռ այդ համակարգում լուրջ համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել:
Ես չեմ տեսնում հնարավորություն, որ այդ համակարգը, որ սպասարկել է օրվա իշխանություններին, առավել ևս նրա առաջին դեմքերը կարող են գնալ ՍԴ ու այնտեղ դրական առումով իրավիճակ փոխել: Ես ունեմ ներքին համոզմունք, որը հենվում է կոնկրետ փաստերի, կոնկրետ գործերի, կոնկրետ հենց իմ գործերի վրա: Եթե այդտեղ ոչինչ չի փոխվել, ապա մնացածում չի փոխվի: Եթե ես այդպիսի լուրջ տեղաշարժ տեսնեի, կասեի, որ տեսնում եմ: Մանր-մունր տեղաշարժերը ոչինչ չեն փոխում: Այդպիսի տեղաշարժեր եղել են նաև հին իշխանությունների ժամանակ: Ասենք, գործեր ենք ունեցել, որ տառապանքի գնով շահել ենք: Դա խոսում է այն մասին, որ համակարգը գործո՞ւմ է: Ոչ, համակարգը չի գործում, մենք առայժմ չունենք անկախ, անկողմնակալ, արդար դատական համակարգ, որտեղից կարողանանք լուրջ ընտրություն կատարել: Այո, ընդունում եմ, որ դատական համակարգերում եփված մասնագետները պետք է առաջ գնան և այդպես ապահովեն նաև ստորադաս օղակներում նոր կադրերի մուտքը, բայց այսօր այդ վիճակը չ: Այսօր այդ համակարգը պահպանել է իր նույն մոտեցումները, նույն դիրքորոշումները: Այս պայմաններում մտածել, որ Վճռաբեկ դատարանի նախագահին ՍԴ տանելով բան է փոխվելու… ի՞նչը պետք է փոխվի: Եթե փոխվելու լիներ, մենք այս երկու տարվա մեջ Վճռաբեկ դատարանում այդ փոփոխությունները պետք է տեսնեինք, ինչը չենք տեսնում: Հետևաբար, խոսել ենթադրություններից, թե ինչ կավելանա ՍԴ-ում, եթե այս կամ այն անձը գնա այնտեղ, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում: Ես մի անգամ ասել եմ, որ մենք ունենալու ենք լեգիտիմ նշանակված մարդիկ, որոնք էլի աշխատելու են և կախվածության մեջ են լինելու այն ուժերից, որոնք իրենց հասցրել են այդ պաշտոնին: Սա է իրավիճակը: