2009թ.-ի հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ Հայաստանի<br /> ՀՆԱ-ն 15,7%-ով նվազել է<br />


2009թ.-ի հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ Հայաստանի
ՀՆԱ-ն 15,7%-ով նվազել է

  • 19-06-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-մայիսին Հայաստանի իրական ՀՆԱ-ն կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մեծության 84,3%-ը (այսինքն` նվազել է 15,7%-ով) եւ կազմել 839 մլրդ 356 մլն դրամ (ավելի քան 2 մլրդ 439 մլն ԱՄՆ դոլար` հաշվարկված հունվար-ապրիլի 1 դոլարի դիմաց 344,31 դրամ միջին փոխարժեքով): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 101,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10,5%-ով եւ կազմել 226 մլրդ 890 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2.9%-ով եւ կազմել 81 մլրդ 129 մլն դրամ, շինարարության ծավալը նվազել է 56,1%-ով եւ կազմել 72 մլրդ 971 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունն աճել է 0,2%-ով եւ կազմել 335 մլրդ 508 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)` նվազել 1,7%-ով եւ կազմել 274 մլրդ 733 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ նվազել է 33,7%-ով եւ կազմել 1 մլրդ 312 մլն մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 47,8%-ով եւ կազմել 220,1 մլն դոլար, իսկ ներմուծումը` նվազել է 29,9%-ով եւ կազմել 1 մլրդ 92 մլն դոլար: Մայիսին արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է ապրիլի ծավալի 84,1%-ը, ընդ որում, ներմուծումը` համապատասխանաբար, 83,8%: 2009թ.-ի հունվար-մայիսին սպառողական ապրանքների գները 2008թ.-ի նույն ամիսների համեմատ աճել են 2,5%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 4,3%-ով: Այս տարվա մայիսի վերջին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը աճել է 9,8%-ով եւ կազմել 83,9 հազար մարդ: Այս տարվա հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97 527 դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,4%-ով), այդ թվում` պետական հատվածում` 80 857 դրամ (աճել է 17,6%-ով), ոչ պետական հատվածում` 121 990 դրամ (աճել է 7,9%-ով):
Նոյյան տապան  -   Տնտեսություն