Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը
05-08-2020 18:48:34 | Հայաստան | Իրավունք
Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։
«Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։
Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին, ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին:
Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:
Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: