Գույքահարկի վճարումը ևս քաղաքակրթության դրսևորում է. Ջուլիետա Թադևոսյան

06-08-2020 16:40:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԳՈւՅՔԱՀԱՐԿԸ ԵՎ ՇՈւԿԱՆ
 


Մարդկային քաղաքակրթությունն անհիշելի ժամանակներից կիրառել է պետության հարկահավաքման գործառույթը՝ նպատակադրելով բազում անհատական, հանրային և խմբային շահերի իրացումը: Շուկայական  տնտեսությունն առավել քան երբևէ կարևորեց պետության ֆիսկալ գործառույթը՝ շեշտադրելով հանրային շահի իրացման անհրաժեշտությունը: Եվ, օրինաչափորեն, որքան շուկայական տնտեսության քաղաքակիրթ դրսևորումներն ակտիվացան, այդքան հանրության կողմից պետության ֆիսկալ քաղաքականության անհրաժեշտության ըմբռնումն ու մասնակցային գործընթացները դարձան իրողություն: Իհարկե, շուկայական իրավիճակի տատանումներն իրենց անմիջական արտացոլումն են գտնում կառավարությունների որոշումներում: Օրինակ, 2018թ. հունվարի 1-ից Ֆրանսիայում Հարստության համերաշխության հարկը վերացվեց, և այն փոխարինվեց Անշարժ գույքի հարստության հարկով : Վերջինս գանձվում է հայտարարագրման հիման վրա, վճարվում է պետական բյուջե: Ընդ որում, անշարժ գույքի մինչև 800.000 եվրո արժեքի դեպքում հարկի դրույքաչափը 0 տոկոս է, այնուհետև մինչև 1,3 մլն եվրոյի դեպքում՝ 0,5 տոկոս, և պրոգրեսիվ աճով 10 մլն եվրո արժեքով անշարժ գույքից հարկվում է 1,5 տոկոսը: Նշենք, որ այս հարկի հետ մեկտեղ գանձվում է նաև բնակության հարկ և գույքահարկ: Վերջիններս ֆիսկալ տեղական հարկեր են, որոնք վճարվում են համայնքային բյուջե , հաշվարկվում են ավտոմատ, վարչական մարմինների կողմից, անշարժ գույքի տեղական կադաստրային արժեքների հիման  վրա:
Այս մտորումների տիրույթում մեր երկրում բախվում ենք դեռևս խորհրդային մտածողության պահպանման, մարդկանց կեցվածքում և գործելաոճերում դրա ազդեցության ամենաբազմազան դրսևորումների հետ: Մինչդեռ բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում ռեսուրսները սահմանափակ են, և մշտապես ցանկացած Կառավարություն իր տնտեսական քաղաքականության իրականացման ճանապարհին մշտապես բախվում է դրանց արդյունավետ օգտագործման խնդրին: Գաղտնիք չէ, որ հարկերն ապահովում են համապատասխան մուտքեր պետական կամ համայնքային բյուջեներ, դրանով իսկ ծառայում են տնտեսական կամ սոցիալական որոշակի նպատակների, մասնավորապես տնտեսվարողների արդյունավետ ու կառուցողական վարքագծի խրախուսմանը, գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացմանն ու միաժամանակ սոցիալական անարդարության մեղմմանն ու դրանով իսկ շուկայական տնտեսության պայմաններում սոցիալական հավասարության ապահովմանը, ինչը մասնավորի հետաքրքրությունների շրջանակներից դուրս է: 
Շուրջ երեք տասնամյակ է, ինչ հետխորհրդային Հայաստանում բացառապես շուկայական հարաբերություններ են, որոնց պետության միջամտությունը գերազանցապես ամփոփվում է շուկայի կարգավորման, օրենսդրական դաշտի մշտապես կատարելագործման գործառույթում: Այս առումով հանրային քաղաքականություն իրականացնողների կողմից պարզապես աներկբա է շուկայական զարգացումներին համահունչ արձագանքը: Նախկինում գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում  անշարժ գույքի հարկման դրույքաչափերն այսօր չեն ապահովում դրանց լիարժեք հարկումը, ինչի հիմնական պատճառը կադաստրային ցածր արժեքներն են, բնականաբար նաև անհամեմատ պակաս ֆինանսական մուտքերը համապատասխան բյուջեներ:
Այսպիսով, քաղաքակիրթ շուկան  պարբերաբար ահազանգում է շուկայական իրավիճակային փոփոխություններին հարիր Կառավարությունների արձագանքի հրատապության ու անհրաժեշտության մասին:
 
Ինչպիսի՞ն է գույքահարկի դերակատարումը տնտեսական արդարության ապահովման տիրույթում
2020թ. հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց  նոր, լրամշակված օրենք՝ «Անշարժ գույքի հարկը », որը փոխարինեց «Գույքահարկի մասին» ՀՀ նախկին  օրենքին: Համաձայն օրենքի՝ անշարժ գույքի հարկը «…հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համար
վող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից »: 
Փորձենք հակիրճ մեկնաբանել օրենքում կատարված փոփոխություններից բխող օգուտներն ու վնասները ՀՀ տնտեսության և քաղաքացիների շահերի իրացման խորապատկերում:
Թերևս փոփոխությունների նպատակը գերազանցապես ֆիսկալ խնդիրների լուծմանն էր միտված: Բանն այն է, որ ինչպես նշեցինք վերևում, շուկայական հարաբերություններին հատուկ են արագընթաց փոփոխությունները, իրավիճակային կտրուկ զարգացումները, ինչն անհրաժեշտություն է դարձնում հանրային քաղաքականություն իրականացնողների կողմից պահանջված արձագանքը: Այս տեսանկյունից իրողություն դարձած նախագծի նպատակը  «…կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին անցում կատարելը և դրանով իսկ տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկում ապահովելն է»: Փոփոխությունների
անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև ՀՀ Կառավարության ծրագրով , Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ․ բարեփոխումների ռազմավարությամբ  և ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված այլ փոփոխություններով ու լրացումներով: Ի տարբերություն նախկին մոտեցման, երբ անշարժ գույքը հարկվում էր ըստ գույքի կադաստրային արժեքի, այժմ նոր օրենքում առաջարկվում է գույքահարկը վճարել համապատասխան գույքի շուկայականին մոտ արժեքի չափով: Բանն այն է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքը սահմանում էր Կադաստրի կոմիտեն, որը բավականաչափ ցածր էր դրա շուկայական արժեքից: Տրամաբանորեն ֆինանսական կորուստներ էին արձանագրվում համայնքային բյուջեներում, ուստի և հիմնական խնդիրն անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկման անհրաժեշտությունն էր, ինչպես նաև առկա խզման վերացումն անշարժ գույքի հարկման կառուցակարգում, ինչը թույլ կտա համայնքային բյուջեները լրացնել որոշակի ֆինանսական միջոցներով՝ դրանք բացառապես ուղղելով համայնքի պահանջմունքների բավարարմանը, առավել որակյալ ծառայությունների մատուցմանը:
Անկախ եկամտի չափից՝ գույքահարկը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: «Անշարժ գույքի հարկ»-ի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հարկային բեռն աճում է գրեթե բոլոր քաղաքացիների համար: Անշարժ գույքի վերաբերյալ ներկայացված փաստերը  վկայում են, որ Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն նախկին օրենքի դրույթների համաձայն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։ Ավելին, միայն Երևան քաղաքում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։ Շուկայական տնտեսությանը ոչ հարիր մտածելակերպի մասին է վկայում նաև այն փաստը, որ Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ), ավելին,  Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 257 հազարի համար։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած վիճակագրությանը համապատասխան՝ 2019թ. գույքային հարկերն անշարժ գույքից կազմել են համայնքային բյուջեների ընդհանուր եկամուտների 6,8%-ը : Ընդ որում, նույն ժամանակահատվածում, երբ ուսումնասիրում ենք համայնքային բյուջեների ծախսերի կառուցվածքն ըստ գործառնական դասակարգման խմբերի, ապա հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին ուղղված ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 24,1%-ը․ առողջապահությանն ուղղվել է 0,3%-ը, բնակարանային շինարարությանը և կոմունալ ծառայություններին՝ 8,3%-ը, հանգստին, մշակույթին և կրոնին՝ 6,3%-ը, սոցիալական պաշտպանությանը՝ 2,3%-ը: Թերևս դրականորեն պետք է գնահատել այն փաստը, որ կրթությանը հատկացվող ծախսերն ունեն ամենամեծ մասնաբաժինը համայնքային ծախսերում, այն մոտ 36,1% է : Պատկերը շատ ավելի մտահոգիչ է, երբ գույքահարկի ցուցանիշները դիտարկում ենք 2019թ․ ՀՀ համախմբված բյուջեի հիմնական ցուցանիշների կառուցվածքում․ այն կազմել է ընդամենը եկամուտների 1,1%-ը : Կարծում ենք՝ խոսքերն ավելորդ են, և ակնհայտորեն տեսանելի են այն ֆինանսական կորուստները, որ կրում են համապատասխան բյուջեները: Այս հարթության մեջ միանգամայն օրինաչափ է անշարժ գույքի հարկային բեռի պարտադրանքը բոլորի համար: Ավելին, անշարժ գույքի դիմաց գանձվող հարկերն անհամեմատ ցածր են այլ երկրներում կատարվող գանձումների համեմատությամբ: Բավական է ներկայացնել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարվող պետական ֆինանսների վիճակագրությունը, ըստ որի՝ «ՀՀ-ում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, …. իսկ,  օրինակ, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1,1 տոկոս, Ռուսաստանում՝ 1,2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2,7 տոկոս, Միացյալ Թագավորությունում՝ 1,4 տոկոս, Ճապոնիայում՝ 1,9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս»:  Հետևաբար վերոնշյալ համեմատությունները ևս վկայում են, որ ՀՀ-ում անշարժ գույքի հարկի ներուժը, որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում : Կնշանակի՝ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները տնտեսական արդարության ապահովման տիրույթում գույքահարկի դերակատարության տեսանկյունից միանգամայն արդարացված են: Ի հավելումն ասվածի՝ ընդգծենք այն սպասումները, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում կարող է նկատվել արդյունաբերական և առևտրային նշանակության օբյեկտներից գույքահարկի գանձման աշխարհագրական դիվերսիֆիկացիա՝ ի օգուտ կենտրոնից դեպի ծայրամասեր դրանց տեղափոխման: Եվս մեկ կարևոր հանգամանք այս տեսանկյունից: Անկախության տարիներից ի վեր սեփականաշնորհման արդյունքում մինչև այժմ անգործության են մատնվել բազմաթիվ շենքեր և շինություններ, որոնց անարդյունավետ օգտագործման փաստը հիմնականում պայմանավորված է գույքահարկի գործող ցածր դրույքաչափերով: Այս տիրույթում են նաև սեփականաշնորհված, սակայն չօգտագործվող հողատարածքները: Փոփոխությունների և լրացումների արդյունքում նման կառույցների և հողատարածքների տնօրինումը պետք է դառնա վնասաբեր, և այս տիրույթում դեռևս Կառավարության կողմից զգալի վերանայումների անհրաժեշտություն կա, ինչն անխուսափելիորեն կնպաստի անշարժ գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Ի հավելումն տնտեսական արդարության տիրույթում գույքահարկի նոր դրույքաչափերի դերակատարման՝ ավելորդ չենք համարում նաև ընդգծել, որ նշյալ շրջանակներում «Անշարժ գույքի հարկ»-ի մասին օրենքի 230-րդ հոդվածում առանձնացվել են անշարժ գույքի հարկային որոշ արտոնություններ, որոնցից մասնավորապես նշենք .՛
Անշարժ գույքի հարկից ազատվում են պետական սեփականություն հանդիսացող տարբեր օբյեկտներ, մասնավորապես՝ պետական արգելանոցները, զբոսայգիները, բուսաբանական այգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը), այլ եկեղեցիներ, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության ու իրացման համար օգտագործվող անշարժ գույքը և այլն:
 
«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառտնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական … կազմակերպությունները, կայանները և հենակետերը՝ Կառավարության հաստատած ցանկով, այն անշարժ գույքի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական …… նպատակներով »:
 
Անշուշտ նման մոտեցումը դրվատելի է գործարար դաշտին աջակցելու տեսանկյունից, սակայն կարծում ենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը) ևս կարող էր դասվել անշարժ գույքի հարկ վճարողների ցանկին: 
Արդ, կատարված փոփոխություններում անդրադառնանք սոցիալական արդարության ապահովման տիրույթում գույքահարկի դերակատարմանը, ինչը, թերևս, ակնհայտորեն բավականաչափ խնդրահարույց բաղադրիչներով է ներկայացված:
 
Արդյո՞ք պրոգրեսիվ գույքահարկը նպաստում է սոցիալական արդարության իրացմանը
Եթե ընդգծենք այն հանգամանքը, որ նախկին օրենքում մինչև 3 մլն դրամ արժեքով գույքահարկը չէր հարկվում, սակայն նոր օրենքում հարկվում է, ապա այստեղ մենք տեսնում ենք սոցիալական արդարության ապահովման բաղադրիչ՝ որպես քաղաքակրթության, պետական մտածողության դրսևորում երկրի յուրաքանչյուր քաղաքացու կողմից: 
 
Սակայն բանավեճերի առիթ է օրենքում ամրագրված այն մոտեցումը, որ ըստ գոտիականության` (սահմանվել է 20 գոտի հանրապետության ողջ տարածքում նախկին 16 գոտու փոխարեն, Երևան քաղաքում՝ 12 գոտի) դրույքաչափերի միջև տարբերությունները զգալի են: Անհամամասնություն է նկատվում գույքահարկի բեռի աճման տիրույթում՝ ըստ գոտիականության, հատկապես Երևան քաղաքում: Քաղաքի կենտրոնի բնակիչների համար գույքահարկի սպասվող բարձրացումները սոցիալական անարդարության տարր են պարունակում: Սակայն ժամանակակից քաղաքակիրթ շուկան վկայում է, որ մասնավոր բնակարանների ձեռքբերումը թանկ հաճույք է, ինչի պատճառով բնակչության գերակշիռ մասն այդ երկրներում ապրում են վարձակալության հիմունքներով: Իհարկե, նշենք, որ անարդարության մեղմման նպատակով այս դեպքում ևս արտոնություններ են սահմանված, որի համաձայն՝ «Անշարժ գույքի հարկ»-ի մասին օրենքի 230-րդ հոդվածում նշվում է, որ «Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը »: Ասվածին հավելենք, որ, այսուհանդերձ, հարկային բեռի սպասվող վճարումների ուսումնասիրությունը  թույլ է տալիս հանգել այն եզրակացության, որ անկախ գույքահարկի փուլային վճարման հանգամանքից , ինչն անխոս, դրական միտումներ է պարունակում, հարկ է արձանագրել այն փաստը, որ առաջիկա տարիներին, թերևս, անչափ մշուշոտ են եկամուտների բարձրացման էական սպասումները, ինչն անչափ խոցելի է դարձնում գույքահարկի սոցիալական բաղադրիչը, առավել ևս 6 տարի հետո: Բանն այն է, որ ամբողջական ծավալով գույքահարկի վճարումներն իրականացվելու են վերջին երկու տարիներին, և այս ժամանակահատվածում է, որ կարող են առավել սուր դրսևորվել սոցիալական խնդիրները: Իհարկե, կարծում ենք, որ վերը նշված Ֆրանսիայի օրինակն առավել արդար ու տրամաբանական համակարգ է Հայաստանի համար, ինչը թույլ կտա ապահովել պետության՝ եկամուտների վերաբաշխման գործառույթի առավել արդյունավետ իրականացումը:
 
Այսպիսով ․․․
Գույքահարկի վճարումն իսկապես քաղաքակիրթ, պետական մտածողության դրսևորում է, այն պարտավոր են վճարել Հայաստանի բոլոր քաղաքացիներն անխտիր: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները ձևավորում են համայնքային բյուջեների գեներացման նոր հնարավորություններ, ինչը թույլ կտա համապատասխան կառույցների կողմից քաղաքացիներին մատուցել առավել որակյալ ծառայություններ, արդյունավետ օգտագործել անշարժ գույքը, բազմազանեցնել գույքահարկ վճարողների աշխարհագրական տեղաբաշխվածությունը: Միաժամանակ, անխուսափելի են տնտեսական և սոցիալական արդարության ապահովման տիրույթում նկատելի կորուստները՝ կապված գերազանցապես COVID-19 համավարակի ազդեցությամբ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետագա վատթարացման և վերականգնողական գործընթացների երկարաձգման հետ: 
Այսուհանդերձ, ոչ միայն «Անշարժ գույքի հարկ»-ի մասին օրենքի գործողությամբ, այլև շուկայական ցանկացած իրավիճակով պայմանավորված   հիմնախնդիրները պատկան կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից մշտապես կարող են բացահայտվել ու ներկայացվել դրանց լուծման արդյունավետ ուղիներ: 
 
 
Ջուլիետա Թադևոսյան
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
 
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 469 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար