Հայկական համագումարի աջակցությունը վայելող՝ Լիբանանին օգնություն տրամադրելու մասին նամակը սատարեցին Կոնգրեսի 89 անդամներ


Հայկական համագումարի աջակցությունը վայելող՝ Լիբանանին օգնություն տրամադրելու մասին նամակը սատարեցին Կոնգրեսի 89 անդամներ

  • 10-08-2020 16:48:00   |   |  Մամլո հաղորդագրություն

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց ԱՄՆ Պետական քարտուղար Մայքլ Պոմպեոյին ուղղված մի երկկուսակցական նամակ, որով կոչ է արվում Միացյալ Նահանգներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Լիբանանին՝ «երկրի առջև ծառացած անհապաղ մարդասիրական ճգնաժամի լուծման, վերականգնման ջանքերի, այդ թվում՝ բժշկական օգնության և վիրավորների բուժման, ինչպես նաև պայթյունի վայրի ու պայթյունից տուժած այլ տարածքների մաքրման համար»:
 
Համագումարի աջակցությունը վայելող նամակը գլխավորում էին ԱՄՆ-Լիբանան բարեկամության հանձնախմբի անդամները, որոնց թվում են՝ Կոնգրեսականներ Դարին ԼաՀուդը (Հանրապետական, Իլինոյս), Չարլի Քրիստը (Դեմոկրատ, Ֆլորիդա), Դեբի Դինգելը (Դեմոկրատ, Միչիգան), Գարեթ Գրեյվսը (Հանրապետական, Լուիզիանա), և Դոննա Շալալան (Դեմոկրատ, Ֆլորիդա): Նամակը ստացավ 89 Կոնգրեսականների երկկուսակցական աջակցություն, որոնց մեջ մտնում են Հայկական հարցերով հանձնախմբի 47 անդամներ, այդ թվում՝ հանձնախմբի առաջնորդներ՝ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):
 
Նամակում նաև մասամբ հայտարարվում է. «Հաշվի առնելով հսկայական տնտեսական ազդեցությունը Բեյրութի նավահանգստին հասցված վնասից, ներմուծվող ապրանքների մատակարարումների խափանումը և Լիբանանի հացահատիկի և ցորենի պաշարների գրեթե 80 տոկոսի կորուստը՝ շարունակական ամերիկյան նվիրվածությունը Լիբանանի ժողովրդի հանդեպ կօգնի լուծել ենթադրաբար միլիարդավոր դոլարների կորուստները և կաջակցի երկարաժամկետ կայունությանը Լիբանանում և տարածաշրջանում»:
 
«Անցյալ շաբաթվա սկզբին Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունը և դրա ազդեցությունը զգացվել են ամբողջ աշխարհում: Մենք ողջունում ենք այս երկկուսակցական նախաձեռնությունը` ապահովել լրացուցիչ և անհապաղ մարդասիրական օգնություն»,– հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Լիբանանը մեր սրտերում ու մտքներում հատուկ տեղ է զբաղեցնում իր կրոնական, կրթական, մշակութային և սոցիալական հաստատություններով, որոնք բոլորն էլ ծառայում են հայ համայնքին և ոչ միայն: Ոգեշնչող է տեսնել, որ բոլորը համախմբվում են, որպեսզի օգնեն՝ ինչպես կարող են: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի ժողովրդի հետ են»,– շարունակեց Արդունին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play