Բաքվում խուճապ է․ Հայաստանի միջուկային զենքը (Տեսանյութ)
18-08-2020 16:03:11 | Հայաստան | Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է․
Հայաստանում նախկին իշխող համակարգի դերակատարների և խմբերի քաղաքական կամ հասարակական բնույթի աշխուժությունը առաջացնում է տարբեր արձագանքներ, սրության տարբեր աստիճանի՝ ընդհուպ այն, որ նրանք պետք է լինեին բանտում, ազատության մեջ խոսելու փոխարեն: Այդ իրավիճակը, անշուշտ, բավականին բարդ ու խրթին է իր շերտերով ու ենթաշերտերով, իր կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցության հեռանկարներով: Զգայական ֆոնը հասկանալի է միանգամայն, բայց պետք է արձանագրել նաև, որ գերակա խնդիրը պետք է լինի պետական հեռանկարների գնահատումն ու վարվող քաղաքականության երկարաժամկետ դիտարկումները: Կարճաժամկետ պոպուլյար էֆեկտները սովորաբար ավելի շուտ հարվածել են հեղափոխություններին և բերել հակահեղափոխական ռեակցիոն փուլերի, երբ իրավիճակը վերադարձել է ելման դիրք, առաջ գնալու փոխարեն, պարզապես արդեն այլ դեմքերով և ուժերով ելման դիրք: Ըստ այդմ, որն է, այսպես ասած, ելքը, իսկ ելք, անկասկած, կա: Եվ ելքը, թերևս, նոր դեմքերի ձևավորումն է: Նոր դեմք ասելով՝ տվյալ պարագայում պետք չէ հասկանալ լոկ նոր անձինք: Խոսքը նոր ձևաչափերի, հանրության հետ հարաբերության նոր մտքերի, գաղափարների մասին է, որոնք պետք է մատուցվեն նոր դերակատարներով:
Ներկայումս կա տարածված կարծիք, թե նախկին իշխանությունը վերակենդանանում կամ աշխուժության նշաններ է ցույց տալիս, խոսում է, որովհետև նոր իշխանությունը գնաց թավշի ճանապարհով, և հիմա ոչ թե բանտում են նախկինները, այլ դարձել են գործոն և խոսում են: Առերևույթ թվում է պարզ տրամաբանական եզրահանգում, որը իրականում, սակայն, ավելի շատ մոլորություն է: Մոլորություն է, թե 21-րդ տեղեկատվա-տեխնոլոգիական դարում հնարավոր է լռեցնել ընդդիմություն, ինչպիսին էլ այն լինի և ով էլ այն լինի: Նախ՝ սա չի նշանակում, որ չպետք է դրվի նախկին իշխող համակարգի իրավա-քաղաքական պատասխանատվության հարց, պետության ու հանրության դեմ կատարված հանցանքների և մեղսակցությունների համար պատասխանատվության հարց, յուրացրածը վերադարձնելու պատասխանատվության հարց: Այդ հարցերը հանրությունը պետք է դնի և հետամուտ լինի պատասխաններին: Մոլորությունն այն է, որ կանխավարկած կա, թե այդ դեպքում նախկին համակարգը լռելու է, հեռանալու է ասպարեզից:
Այդտեղ է, որ կա մեծագույն թյուրըմբռնում: Հնարավոր է ազգայնացնել Հայաստանում ամբողջ ունեցվածքը, որ կարող է հաշվեգրվել կամ թվագրվել նախկին համակարգին, բայց այդ ունեցվածքը միակը և ամբողջը, արդեն անգամ մեծ մասը չէ՝ մեծ մասը վաղուց դրսում է: Հնարավոր է ազատազրկել, բայց բացարձակապես ոչ բոլորին: Հենց այս օրերին մենք տեսնում են Լուկաշենկոյի քայլերը Բելառուսում, որտեղ անգամ ամեն ինչ փակելուց, անջատելուց հետո իսկ տեղեկատվությունը հոսում է, դանդաղ, բայց հոսում է: 21-րդ դարում անգամ ամենակոշտ բռնապետերը չունեն դրա դեմ որևէ ամբարտակ, ու նաև դա է պատճառը, որ ամբողջատիրական կամ բռնապետական համակարգերը խորտակվում են հերթով: Իհարկե, Հայաստանի դեպքում հարաբերակցությունն այլ է, այսինքն՝ խոսքը այն մասին չէ, որ բռնապետական իշխանությունը պետք է լռեցնի ժողովրդին, հակառակը՝ հանրությունն է զգալիորեն պահանջում լռեցնել նախկին իշխանությանը, բայց խնդիրը այստեղ հենց մեխանիկան է, որ հնարավոր չէ լռեցնել որևէ մեկին: Եվ ավելին, թեև այդ հանգամանքը ներկայիս դասավորությունում շատերին գուցե պատճառում է տհաճություն, բայց լայն իմաստով, դա հասարակության ուժն է ցանկացած իշխանության վերահսկելու կարողության առումով:
Ըստ այդմ, զուտ լռեցնելու համար ընտրելով ռեպրեսիաների ճանապարհը, մենք, բացի հանրային գիտակցության մեջ հարցերը այդպիսի ճանապարհով լուծելու լեգիտիմությունից, խոր լեգիտիմացումից, որևէ այլ բան չենք ստանալու: Հետևանքը լինելու է այն, որ այդ մտածողությունն ուղեկցելու է մեզ անընդհատ, թույլ չտալով, ի վերջո, գալ էվոլյուցիոն զարգացման ճանապարհ և գնալ կայուն ընթացքով: Ըստ այդմ, նախկին համակարգը, այդ իմաստով, ասպարեզից դուրս բերելու թերևս ռացիոնալ և հեռանկարային շահ պարունակող տարբերակը նոր և կենսունակ, մրցունակ այլընտրանքների ձևավորումն է՝ նոր ուժեր, դեմքեր, մտքեր, գաղափարներ, ձևաչափեր, հանրային ներառականություն ենթադրող առաջարկներ, որոնք կմարգինալացնեն նախկինն ու դրա հետ ասոցացվող որևէ սուբյեկտի, որոնք կփոխեն օրակարգը, կփոխեն սլաքները: Որքան ուշ հանրությունը գա հենց այդ մտածողության ռեժիմի, այնքան ավելին է լինելու պարզապես կորսված ժամանակը:
Lragir.am-ը գրում է․
Ապշերոնյան վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիեւը երեկ հետ է կանչել Սերբիայում ու Վրաստանում իր դեսպաններին, ԱԳՆ կոռուպցիոն սկանդալի շրջանակում: Սերբիայում Բաքվի դեսպանն ավելի վաղ ձերբակալվել էր կոռուպցիոն մեղադրանքով: ԱԳՆ կոռուպցիոն սկանդալը վերաբերվում է դիվանագիտական գործունեության համար հատկացված գումարների յուրացմանը:
Միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ կոռուպցիան միայն առիթ է, այլապես աշխատանքից կազատվեր ու քրեական հետապնդման կենթարկվեր ողջ վարչակազմը, այդ թվում Ալիեւների ընտանիքը, որի կոռուպցիոն գործունեությունը միջազգայնորեն «փաստաթղթավորված է»: Խնդիրն այստեղ Կասպիցից արեւմուտք այդ կազմավորման ներքին ու արտաքին վերադասավորումներն են, որի առաջին գծում հայտնվել է Արտաքին գործերի նախարարությունը:
Ալիեւը փոխում է քաղաքականությունը, ինչն արտահայտվել է նոր հայեցակարգում, ըստ որի՝ Ռուսաստանն այլեւս չի համարվում առաջնային գործընկեր, այլ միայն՝ հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար: Բաքուն ներկայում լիովին «ինտեգրվում» է Թուրքիային, որը ռազմական ոլորտից բացի ընդգրկելու է նաեւ տնտեսական ոլորտը, Բաքվի պետական էներգետիկ սեկտորի մասնավորեցման ձեւով: Թուրքիան արդեն հայտարարվել է Բաքվի հիմնական ռազմական գործընկեր, իր հերթին՝ Անկարան հստակեցրել է, որ փաստացի գոյություն ունի այլեւս մեկ բանակ: Թուրքիան վերցրել է Նախիջեւանը եւ այդպիսով հաստատում է իր ռազմական ներկայությունն Անդրկովկասում:
Այս գործընթացները լիովին փոխում են ոչ միայն առկա իրավիճակը, այլեւ ռուս-թուրքական հարյուրամյա պայմանավորվածությունները ստատուս-քվոյի վերաբերյալ: Տավուշի ռազմական գործողություններն այս գործընթացի յուրատեսակ «ճամփաբաժան» են, ինչի վկայությունն էր ռազմական գործողությունների համեմատաբար լոկալ բնույթի համեմատ միջազգային բավական լայն արձագանքը:
Այսպիսով, շրջանում առաջանում է նոր իրավիճակ, եւ Հայաստանը ռազմա-քաղաքական առումով բարձրանում է նոր մակարդակ՝ այլեւս ոչ թե Բաքվի, այլ Թուրքիայի: Թերեւս դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի հայտարարությունը Թուրքիային զսպելու նոր ձեւաչափերի անհրաժեշտության մասին: Խոսքը թե քաղաքական, թե նաեւ ռազմական բաղադրիչի մասին է:
Реклама 12
Ալիեւը հետ է կանչել Սերբիայում ու Վրաստանում իր դեսպաններին: Հետաքրքիր է, որ վերջին տարիներին ու հատկապես Տավուշի ռազմական գործողությունների շրջանում Բաքուն մեղադրում էր Սերբիային Հայաստանին զենք մատակարարելու համար, իսկ Վրաստանին՝ իր տարածքով Հայաստանի զենքը տեղափոխելու համաձայնության համար:
Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցում Ալիեւը դժգոհել էր Հայաստանին զենքի մատակարարումների հարցով, նշելով, որ հուլիսի մարտերից հետո ՌԴ-ն 400 տոննա սպառազինություն է մատակարարել Հայաստանին: Մի կողմից, այդ հաղորդագրությամբ Ալիեւն իր համար «ալիբի էր» ստեղծում թուրքական սպառազինության անցնելու համար, մյուս կողմից, սակայն, Բաքվում երեւում է լուրջ կասկածներ ունեն Հայաստանին նոր որակի սպառազինության մատակարարման կապակցությամբ, եւ թերեւս դրանով էր բացատրվում Մեծամորի ատոմակայանին հարվածելու վերաբերյալ սպառնալիքը:
Թուրքիայի ռազմական ներկայությունն Անդրկովկասում նոր իրավիճակ է ստեղծում, դրանից բխող հետեւանքներով: Թուրքիային զսպելու նոր ձեւաչափերը Հայաստանի քաղաքականության առաջնահերթությունն են թե քաղաքական, թե ռազմական տեսանկյունից: Ռուսաստանը հույս ուներ «Ադրբեջանի խորհրդայնացումն» իրականացնել իր հռչակած՝ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ հավասար հեռավորության քաղաքականությամբ, որը տապալվեց: Ի՞նչ է սպասվում նոր իրավիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց կրկին նախարարը շատ քիչ է խոսել:
Բանն այն է, որ նախարարը հան¬դիպմանն իր հետ տարել է փոխնախարար ժաննա Անդրեասյանին, որը, կարելի է ասել, հանդիպման ողջ ընթացքում պատասխանել է իմքայլական պատգամավորների հարցերին:
Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ քննարկվել են դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու, կրթության չափորիշիչների, դպրոցներում խորհուրդներ ստեղծելու հարցերը, համալսարաններում առկա խնդիրները, ինչպես նաև պատգամավորները փորձել են պարզել, թե երբ են ի վերջո կրթական համակարգում ռեֆորմներ լինելու:
Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել, գրե¬թե բոլոր հարցերի ժամանակ նայել է փոխնախարարի դեմքին, որպեսզի նա պատասխանի հարցերին:
Հիշեցնենք, որ կառավարությունում, երբ կրթու¬թյան ոլորտում պետք է նախարար Հարությունյանը ներկայացներ իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը, նույն ձևաչափով էր անցել քն¬նարկումը, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հարցերին պատասխանել էր ժաննա Անդրեասյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումից հետո իշխանական ֆրակցիայում ավելի է խորացել դժգոհությունը նախարարի դեմ, քանի որ այնտեղ մեծամասնությունը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթական համակարգը դանդաղկոտության ու թերի աշխատանքի պատճառով։
ArmLur.am-ը գրում է․
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հնարավոր է այդպես էլ չվերադառնա արձակուրդից: ArmLur.am-ի տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարց է դրված՝ այլեւս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չպետք է շարունակի պաշտոնավարել:
Ըստ մեր տեղեկությունների, թե ՔՊ վարչության անդամները, թե Երեւանի «Իմ քայլը» ավագանու անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ Հայկ Մարությանը այլեւս խայտառակում է իրենց թիմը ու անհնար է դառնում նրա աշխատանքը թիմում: Կոնկրետ վարչապետին զեկուցել են նաև, որ Մարությանը Երեւանում որեւէ հեղափոխություն չի արել որեւէ ոլորտում, ավելին վերջինս իր թիմի հետ որեւէ ձեւով չի աշխատում: Նշվել է, որ Մարությանը «պրավալ» է տվել քաղաքային ոլորտները՝ ասֆալտապատումը խայտառակ վիճակում է, շինթույլտվություններում իսկական կոռուպցիոն մեխանիզմներ են գործում, Մարությանը կոնֆլիկտային է, անգամ իր թիմի անդամների զանգերին չի պատասխանում, ոչ մեկի հետ հանդիպումներ չի ունենում, որեւէ մեկը չի կարողանում ինչ-որ հարցի դեպքում «գտնել» Մարությանին:
Ու այս ամենից հետո վարչապետը, որոշել է, որ Մարությանը ավելի լավ կլինի արձակուրդ մեկնի, մինչեւ կկարողանա որոշում կայացնել՝ ինչ անել հետագայում: Ի դեպ, խնդիրն այն է, որ Մարությանին եթե փոխարինող «գտնեն» ապա այն պետք է անպայման լինի ավագանու անդամ, եթե չէ, ապա պետք է նոր ընտրություններ իրանացվեն, որն այս օրերին անհնարին է՝ կորանվիրուսի տարածման հետ կապված:
Բայց, թե իրականում ինչ լուծում գտնի ՀՀ վարչապետը, դեռեւ իր թիմի ներկայացուցիչների համար եւս անհայտ է: Ի դեպ, մենք փորձում ենք այս տեղեկությունը ճշտել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից, սակայն ապարդյուն, նա մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում:
Hraparak.am-ը գրում է․
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր լիազորությունների կասեցումից հետո աշխատանքի չի գնացել և աշխատավարձ չի ստացել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց նրա խոսնակ Սեդա Աղբալյանը՝ նշելով, որ եթե Սանասարյանը արդարացվի դատարանում, այդ դեպքում պարզ կդառնա՝ նա կստանա՞ կասեցումից ի վեր պաշտոնավարման ժամանակահատվածի աշխատավարձը, թե ոչ։
Հիշեցնենք, որ Սանասարյանին առնչվող քրեական գործը դատաքննության փուլում է, նա ամբաստանվում է պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու համար և իր մեղքը չի ընդունում։
Քրեական գործի հարուցումից հետո՝ 2019-ի ապրիլի 18-ից Սանասարյանի լիազորությունները կասեցվել են, սակայն նա շարունակում է զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնը։ Լիազորությունների կասեցումից հետո Սանասարյանի պարտականությունները կատարում էր այդ ժամանակ նրա տեղակալ Արգիշտի Քյարամյանը, իսկ այժմ նրա միակ տեղակալ Ռաֆայել Զաքարյանը։ Փաստորեն, մեկ տարուց ավել է՝ ՊՎԾ-ն դե ֆակտո չունի ղեկավար, ի դեպ՝ պետի 2 տեղակալի հաստիքը ևս թափուր է։