Ինչու շտապեց Սերժ Սարգսյանը. ում եւ ինչ անակնկալներ են սպասվում


Ինչու շտապեց Սերժ Սարգսյանը. ում եւ ինչ անակնկալներ են սպասվում

  • 19-08-2020 16:46:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Այսօր տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ասուլիսը ապրիլյան պատերազմի թեմայով: Թեեւ նա խոստացել էր դա անել արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, սակայն չսպասեց դրան: Այդ մասին հարցին նա պատասխանեց, թե այդքան էլ վստահ չէ, որ արտակարգ դրության ռեժիմը կվերացվի սեպտեմբերին:
 
Երեւում է՝ Սերժ Սարգսյանը շտապում է մինչեւ ԱԺ ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունն ասուլիս տալ, առավել եւս այն բանից հետո, երբ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկիններին խորհուրդ տվեց անհամբեր սպասել եզրակացությանը, ակնարկելով տհաճ անակնկալների մասին:
 
Այս դեպքի համար Սերժ Սարգսյանը «ապահովագրվել» էր այն ժամանակ, երբ համաձայնվել էր ներկայանալ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու հարցերին: Նա պայման էր դրել, որ հարցուպատասխանը պետք է ձայնագրվեր, եւ մեկ օրինակ տրամադրվեր իրեն: Պայմանն ընդունվել էր, եւ իր ասուլիսը Սարգսյանը սկսեց հանձնաժողովում իր ելույթի ներածական խոսքի սղագրության ընթերցումից:
 
Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն այդպես էլ չանդրադարձավ, հանուն ճշմարտության նշենք՝ լրագրողներն այդպիսի հարցեր չտվեցին, ապրիլյան պատերազմի հասունացման պայմանների ու նախադրյալների մասին, ասելով միայն, որ Ադրբեջանը հարձակվեց, քանի որ իր իշխանությունը չէր համաձայնվում զիջումների: (Ի դեպ, նա մի կողմից նշեց, որ հիմա չափազանց մեծացել է պատերազմի հավանականությունը, մյուս կողմից քննադատեց ներկայիս իշխանության պահվածքը բանակցային գործընթացում. բայց արդյոք դա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունն էլ ունի անզիջում կեցվածք, նույն տրամաբանությամբ):
 
 
Սերժ Սարգսյանն ասուլիսի ընթացքում մի շարք կարեւոր բացահայտումներ արեց, ուշագրավ ու տեղ-տեղ հակասական մանրամասներ պատմեց այդ շրջանի իրադարձությունների մասին, մասնավորապես Ռուսաստանի դերի ու 1994 թ. հրադադարի համաձայնագրի կապակցությամբ: Այնուամենայնիվ, ամբողջական պատկեր հանրության համար այդպես էլ չպարզվեց, մանավանդ երբ այդ մանրամասները համադրում ենք ապրիլյանի օրերին նույն Սերժ Սարգսյանի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ:
 
Սերժ Սարգսյանն ասում է, թե չէր հանրայնացնում իր գործունեությունը, քանի որ ավելի կարեւոր էր համարում պետության համար իր գործունեությունը, քանի որ հանրայնացումը կարող էր վնաս պատճառել օրինակ արտաքին հարաբերությունների խնդիրներին, բանակցային գործընթացին, կարող էր կարծրացնել Ադրբեջանի դիրքորոշումը: Մի կողմից այս ամենն իհարկե առկա է, մյուս կողմից բավական երկիմաստ իրավիճակ է առաջանում այն առումով, որ հետագայում կարելի է ամեն ինչ վերագրել այդ ձգտմանը, ինչն առկա էր Սարգսյանի ասուլիսում:
 
Սակայն պետք է նշել, որ Սերժ Սարգսյանն իսկապես չէր սիրում հրապարակային գործունեությունը եւ գերադասում էր աշխատել «ստվերում», իսկ նրա ելույթներն ու հայտարարություններն էլ սովորաբար ուղղված էին լինում ոչ թե հանրությանը, այլ իշխող համակարգի տարբեր խմբավորումներին ու արտաքին գործընկերներին: Այս ասուլիսն ընդհանուր առմամբ հիշեցնում էր նման մի «հաշվետվություն» «թեժ աշնան» պատրաստվող նախկին համակարգի խմբերին ու հավանաբար նաեւ ռուսական որոշակի շրջանակների, որոնք կարող էին Սարգսյանին կասկածել ինչ-ինչ հարցերում: Հայաստանի այսպես կոչված ընդդիմադիր հատվածում ներկայում իրականում շարունակվում են 2008-ից սկիզբ առած՝ նախկին համակարգի տարբեր խմբավորումների ներքին ռազբորկաները, որոնք աշնանը թերեւս վճռական փուլ են մտնելու: Իսկ ապրիլյան պատերազմը այն լակմուսի թուղթն էր, որը բացահայտեց այդ համակարգի գործունեության բնույթն ու մոտիվացիան եւ սկիզբ դրեց դրա կազմալուծմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն