Լույս է տեսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեգրությունը և կենսամատենագիտությունը
20-08-2020 18:42:56 | Հայաստան | Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. տարեգրությունը և կենսամատենագիտությունը։ Սույն աշխատությունը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը և Գոհար Սարգսյանը։
Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20-ամյակին։ Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Վեհափառ Հայրապետի 1951‒2019 թթ. տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ Հայոց Հովվապետի կենսամատենագիտությունը, որի միջոցով ինչպես մերօրյա հասարակությանը, այնպես և ապագա սերունդներին հնարավորություն է ընձեռվում լավագույնս ճանաչելու և անկողմնակալ ու անաչառ կերպով արժանի գնահատական տալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախանձախնդիր և արդյունավոր 20-ամյա գործունեությանը:
Աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի` Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար։ Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: