Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ


Կառավարության աջակցության գործիքակազմն առաջին հերթին ուղղված է խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

  • 21-08-2020 14:54:28   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը օգոստոսի 20-ին կազմակերպել էին հանդիպում Արմավիրի մարզի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ագրովերամշակման ոլորտում իրականացվող ծրագրերն ու աջակցության նոր գործիքները ներկայացնելու, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ 
 
Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում վեր են հանվել նրանց հուզող խնդիրներն ու հավաքագրվել բոլոր առաջարկությունները։ Արդյունքում օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունվել է հակաճգնաժամային 24-րդ միջոցառումը, որով պետական օժանդակության ներկա գործիքակազմի սահմաններում կատարվել են փոփոխություններ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագրի պայմաններում։ 
 
Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարության բարեփոխված  օժանդակության գործիքակազմը առաջնահերթ ուղղված է խաղողի մթերումն սահուն իրականացնելուն, և այս ուղղությամբ նախաձեռնվում են նաև այլ անհրաժեշտ քայլեր և բանակցություններ։
Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրել են մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասն առնչվում էր խաղողի մթերման գներին։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ փոխնախարարները նշել են, որ պետությունը գնագոյացման խնդրին չի կարող միջամտել, սակայն թեթևացնելով վերամշակողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խթանելով վերամշակված ապրանքների վաճառքն լրացուցիչ պահանջարկ է ստեղծում խաղողի նկատմամբ։
 
Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ և համատեղ գտնել խնդիրների լուծման ուղիները։ Քննարկման մասնակիցները պայմանավորվել են մթերման շրջանի ավարտից հետո կազմակերպել դասընթաց, որի ընթացքում փորձառու մասնագետները խաղողագործներին կներկայացնեն խաղողի մշակման և վերամշակման նորագույն տեխնոլոգիաները և դրանց ներդրման ու կիրառման առավելությունները։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն