Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
25-08-2020 13:20:37 | Հայաստան | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:
Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»:
Հիշեցնենք, որ 17 մարդ է մահացել, երեքը՝ ծանր վիրավորվել այն բանից հետո, երբ Վրաստանի բարձրադիր շրջանում միկրոավտոբուսն 80–մետրանոց բարձրությունից անդունդն է գլորվել։
Օգոստոսի 25–ը սգո օր է հայտարարվել Վրաստանում։
Զոհվածների մեծ մասը մի ընկերության աշխատակիցներ են, որոնք կորպորատիվ էքսկուրսիա էին մեկնել Խևսուրեթիի շրջան։ Ողբերգությունը տեղի է ունեցել Դուշեթիի շրջանի Շատիլի բարձրադիր գյուղից և համանուն ամրոցից հետդարձի
ճանապարհին։
Ուղևորատար միկրոավտոբուսն արդեն Թբիլիսի էր վերադառնում։ Սկզբից այն բախվել է ճանապարհին կանգնած ճանապարհների հսկողության դեպարտամենտի մեքենային, այնուհետև՝ 80 մետրից անդունդն ընկել։