Նոր անակնկալ ՀՀԿ-ի համար․ դաժան պատկեր է ստացվել (Տեսանյութ)
26-08-2020 17:48:32 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում մարզային կառույցների ներկայացուցիչների հետ՝ փորձելով պարզել, թե ինչպիսի իրավիճակ ունեն կուսակցությունում, և ինչ ռեսուրս է մնացել:
Պատկերը առավել քան դաժան է. հարյուր հազարանոց կուսակցությունը մարզերում չի կարողանում մի քանի տասնյակ մարդ հավաքել, իսկ որոշ մարզկենտրոններում և մեծ քաղաքներում ՀՀԿ-ն, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաև պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ զարգացումների ֆոնին այնքան էլ զարմանալի չէ, քանզի քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները աշխատանքից ազատվում են «արձակուրդից հետ չգալով»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանի հետ կապված որոշակի «հարցեր» կան, այդ թվում՝ կորոնավիրուսի թեստերի հետ կապված։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ պարզապես ներկա փուլում կառավարությունում որոշում են կայացրել Թորոսյանին կորոնավիրուսային «պատերազմի» շրջանում ուղարկել արձակուրդ, իսկ այդ ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքներն ու «հարցերը», ըստ այդմ էլ կորոշվի Թորոսյանի ապագան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են և ուղարկվել վարչապետի աշխատակազմ։ Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սեպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11, հետևաբար մինչ այդ օրը պետք է կա՛մ այդ նախագծերն ընդունվեն, կա՛մ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի:
Սակայն օգոստոսի 12-ին՝ խորհրդարանում քննարկման ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, այսինքն՝ մինչև սեպտեմբեր նոր օրենքը պետք է ընդունված լինի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռևս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն և աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու և երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։ Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, և ավելին՝ ապաակտիվացրել է նաև սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում։
Ինչպե՞ս բացատրել ստեղծված իրավիճակը. կա՛մ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խուսափում է պատասխանատվությունից, ինչը պատերազմական իրավիճակում կոչվում է դասալքություն (դա նույնն է, ինչ ՊՆ Դավիթ Տոնոյանը պատերազմական իրավիճակում արձակուրդ մեկնի), կա՛մ վերջինս ստիպված է արձակուրդ գնացել՝ ինչ-ինչ պատճառներից դրդված: Կա նաև երրորդ տարբերակը, ըստ որի՝ Թորոսյանի համար միևնույնն է ստեղծված իրավիճակը, և նա գնում է իր արձակուրդը վայելելու՝ անտեսելով վարակակիրներին, պոտենցիալ վարակակիրներին, այդպես խուսափելով պատասխանատվությունից։
Մինչդեռ նախարար Արսեն Թորոսյանը պարտավոր է հստակ բացատրել՝ ինչու է արձակուրդ գնում երկրի համար ծանր այս օրերին, ինչու է ապաակտիվացրել իր էջերը սոցցանցերում և հանրային հաշվետվություն չի տալիս իր քայլերի համար։ Նա պարտավոր է հանրային բացատրություն ներկայացնել. փախչելը հարցի լուծում չէ:
Նկատենք, որ այս ընթացքում նախարարի անհետանալու շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվում՝ ընդհուպ նրա հրաժարականի հավանականության շուրջ, բայց փաստ է, որ մենք ունենք ո՛չ հրաժարական, ո՛չ էլ պաշտոնանկություն, այլ պարզապես առողջապահության նախարարը լքել է մարտի դաշտը՝ դավաճանելով ազգին։
Թերևս նա չի գիտակցում մարտի դաշտից փախչելու հետևանքները, քանի որ չի ծառայել բանակում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ծրագրի մեջ մտցնել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն: Ընկերությունն այս պահին պետական է և գործում է Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային և այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռևս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, և ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը:
Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել և ոչ միայն հարցեր քննարկել, այլևս որոշում կայացնել և դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ: Բանն այն է, որ մինչև այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում և Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, և որոշել են ավելի ակտիվ աշխատել և որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչև տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040թ.):
Նախկինում ևս նման ծրագիր էր ներկայացվել, սակայն այս մեկն ավելի հավակնոտ է: Մասնավորապես՝ նոր ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Նախատեսվում է մինչև 2030թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել տարեկան 12 մլրդ կՎտժ-ի, որից 5 մլրդ-ը պետք է արտահանվի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2021 թվականին էապես փոխվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համակարգը, գործող աշակերտների թվից կախված ֆինանսավորումը փոխարինվելու է դասարանների թվից կախված ֆինանսավորմամբ:
Այս համակարգը էապես նվազեցնելու է դպրոցների ֆինանսական ինքնավարությունը և հանգեցնելու է որոշ հաստիքների կրճատման: Օրինակ՝ դպրոցներում այլևս չեն լինի դաստիարակչական աշխատանքների կազմակերպման գծով փոխտնօրեններ՝ կազմակերպիչներ, փոքր դպրոցները կզրկվեն այլ հաստիքներից ևս»: