«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից ընտրվել է 63 ֆիլմ


«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավելի հայտից ընտրվել է 63 ֆիլմ

  • 27-08-2020 16:55:09   | Հայաստան  |  Մշակույթ

Օգոստոսի 27-ին  Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը: 
 
Բանախոսներն էին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,
Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը,  Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, Գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։ 
 
Ներկայացվեց փառատոնի այս տարվա սպասված համերգները.  օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:
 
Նշենք, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին  ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը,  որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: 
 
Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
 
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:
 
«Ֆրեսկոն»  իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ