Սասնա ծռերն ու Հայաստանի դատական համակարգը


Սասնա ծռերն ու Հայաստանի դատական համակարգը

  • 31-08-2020 08:36:57   | Հայաստան  |  Իրավունք

 
       Սասնա ծռերը հայրենասերների մի խումբ էր, որը գործում էր լավագույն մղումներով և ելնելով ժողովրդի շահերից։ Ակնհայտ է, որ Սասնա ծռերի գործողություններն օրինական էին Սահմանադրության տեսանկյունից։
       Մինչդեռ Հայաստանի դատական համակարգը նման հայրենասերների նկատմամբ դատական հոդվածներ չէր նախատեսում՝ դատական համակարգում պարզապես հաշվի չի առնված նրանց գործողությունների օրինականությունը։
       Մեկնաբանություն 1։ Հիշեք, որ զինված գործողության ժամանակ ողջ ժողովուրդը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի հանցավոր կառավարման դեմ կարելի է պայքարել միայն այնպես, ինչպես դա արեցին Սասնա ծռերը, իսկ հիմա հենց դրա համար էլ նրանց դատում են։
       Մեկնաբանություն 2։ Նկատենք, որ դատախազի առաջարկը (դատապարտել Սասնա ծռերին ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում) ոչ մի քննադատության չի դիմանում։ Փաստորեն, դատախազը պահանջում է դատապարտել Սասնա ծռերին (հայրենասերներին, որոնք գործել են ի շահ երկրի) այնպես, ինչպես հանրախանութ թալանած գողերի ու կրկնահանցագործների։ Դատել հայրենասերների՛ն, ինչպես գողերի ու կրկնահանցագործների՞։ Կարո՞ղ է արդյոք լինել ավելի՛ մեծ անհեթեթություն, ավելի՛ մեծ անբարոյականություն։
       Այսպիսով, դատական համակարգն իր ներկայիս տեսքով չի կարող դատել Սասնա ծռերին, քանի որ դատական համակարգում բացակայում են համապատասխան օրենքները։ Մենք գործ ունենք իրավաբանական զավեշտի հետ։
       Փաշինյանի կողմնակիցներն ասում են, որ նա չպետք է խառնվի արդարադատության գործերին։ Ճիշտ է, համաձայն ենք։ Բայց Փաշինյանը պետք է նպաստի արդար դատական համակարգի ստեղծմանը (որը թույլ չի տալիս իրավաբանական զավեշտներ, ինչպես տվյալ դեպքում)։ Դա նրա ուղղակի պարտականությունն է։
       Իրավիճակը, իրավական տեսանկյունից, կարծես, փակուղային է։ Մի կողմից, դատական համակարգում Սասնա ծռերի գործողությունների իրավաչափությանը վերաբերվող (Սահմանադրությա՛ն վրա հիմնված) հոդվածներ նախատեսված չեն: Դա ներկայում գործող համակարգի թերությունն է։ Այստեղից հետևում է, որ ներկայիս համակարգը չի կարող դատել Սասնա ծռերին։ Մյուս կողմից՝ գործին չի օգնի, եթե հիմա (այսինքն՝ հետին թվով) համապատասխան օրենքներ ընդունվեն, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի։
       Քանի որ ակնհայտ է, որ ամբաստանյալը չպետք է տուժի դատական համակարգի անկատարության պատճառով, պետք է գտնել մեկ այլ, էապես տարբերվող լուծում, ոչ մեր ավանդական դատական համակարգի շրջանակներում:
       Ուրեմն հարկավոր է գտնել այլ, ոչ ավանդական լուծում։ Որպես օրինակ կարելի է առաջարկել հատուկ դատարանի ստեղծում, որին հնարավորություն կտրվի հաշվի առնել Սասնա ծռերի գործողությունների օրինականությունը (կրկնում եմ՝ համաձայն Սահմանադրության)։ Կրկնում եմ՝ Սասնա ծռերի դեպքը հատուկ, դատական համակարգով չնախատեսված դեպք է, և դա հաշվի առնելով՝ երկրի խորհրդարանը կամ նախագահը կարող են որոշում կայացնել նման հատուկ դատավարություն ստեղծելու մասին։
       Մեկնաբանություն 3։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ վերջերս առաջարկ է արվել ունենալ երկու տեսակի դատական վարույթ՝ մեկը այն է, ինչ ունենք և ի լրումն՝ երդվյալ ատենակալների դատարանը (տես «Հայաստանի դատական համակարգի մասին։ Կոնկրետ առաջարկներ»՝ 
https://nt.am/ru/news/287465/, https://www.lragir.am/ru/2020/08/04/180409/) (հայերենը)
       Նման առաջարկը պատճառաբանված է Հայաստանի պայմաններում, որտեղ կոռուպցիան թափանցել է դատական համակարգի ուղն ու ծուծը։ Երդվյալների դատարանն անվիճելի առավելություններ ունի, քանի որ եթե դատավորը շահագրգռված է սխալ որոշման (կաշառքի) մեջ, ապա, ասենք, տասը ատենակալները ոչ մի կերպ շահագրգռված չեն սխալ որոշման մեջ։ Այսպիսով մենք ստանում ենք դատավարության համեմատաբար ազնիվ համակարգ։
       Այսպիսով, Սասնա Ծռերի գործը ճիշտ կլիներ հանձնել երդվյալ ատենակալների դատարանի քննությանը։ Թող ժողովուրդը (տվյալ դեպքում երդվյալ ատենակալների դատարանը) որոշի, թե ինչպես վարվել նրանց հետ։
       Այս պայմաններում, երբ օրենքը կաղում է (անկատար է), միայն ժողովուրդը պետք է ասի իր վերջին խոսքը։
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան  -   Իրավունք