Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում


Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում

  • 31-08-2020 12:48:15   | Հայաստան  |  Հասարակություն

Նոր ուսումնական տարին պաշտոնապես մեկնարկել է UWC Դիլիջանում: Այս տարի քոլեջ են ընդունվել 228 ուսանող ավելի քան 80 երկրից, ինչը երկուսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Քոլեջի դասախոսական կազմը բաղկացած է 11 երկիր ներկայացնող 26 ուսուցիչներից: Աշխատողների ընդհանուր թիվն այս տարի 73 է, որից 42-ը Հայաստանից են: Բազմաթիվ ուսանողներ սովորում են UWC Դիլիջանում անհատ բարեգործների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների առատաձեռն աջակցության շնորհիվ: Ուսանողների 30% ստանում է ամբողջական  կրթաթոշակ, իսկ ուսանողների 51% սովորում է մասնակի կրթաթոշակով:
 
Չնայած համավարակի առաջացրած դժվարություններին՝ արդեն ավելի քան 150 ուսանող է ժամանել Դիլիջան: Ներկայում դպրոցը մեկուսացման մեջ է: Կամպուսի տարածքը բաժանված է գոտիների, որպեսզի բացառվի ինքնամեկուսացածների շփումը մյուսների հետ: Ակնկալվում է, որ հոկտեմբերի վերջին բոլոր աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կլինեն Դիլիջանում: Մինչ այդ կկազմակերպվի հեռավար ուսուցում Գուգլ Դասարան, ՄենիջԲեք և այլ կրթական առցանց հարթակների միջոցով:
 
Ավելի վաղ UWC Դիլիջանն անցկացրել էր ՏՏ աուդիտ առցանց ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչի արդյունքում դպրոցը կարողացավ արագ արձագանքել հեռավար ուսուցման կազմակերպման կարիքներին՝ կիրառելով էլեկտրոնային ուսուցման գործիքներ և ինտերակտիվ առցանց դասագրքեր, ինչպես նաև ապահովել Գուգլ կրթության համար գործիքի հասանելիությունը բոլոր ուսանողների և ուսուցիչների համար: Այս բոլոր ջանքերի շնորհիվ ուսանողների ուսումնառությունը շարունակվում է անկախ նրանց գտնվելու վայրից, մինչև նրանք կկարողանան ֆիզիկապես ներկա գտնվել կամպուսում: 
 
UWC Դիլիջանը տարեցտարի ընդլայնում է իր մշակութային և կրթական նախաձեռնությունները Դիլիջան համայնքում: 2014-2020 թվականներին Դիլիջանի և տարածաշրջանի ավելի քան տաս հազար բնակիչ է մասնակցել դպրոցում կազմակերպված միջոցառումներին: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում քոլեջը կազմակերպել է 3 միջոցառում, նախաձեռնել է 10 համայնքային նախագիծ,  360 տեղացի երեխաներ մասնակցել են շուրջ 500 ժամ տևողությամբ արտադասարանային զանազան նախագծերի:
 
«Այն փաստը, որ այս տարի ևս UWC Դիլիջանի ուսանողական կազմը ամբողջովին համալրվել է, մեր հանդեպ ծնողների, ուսանողների և մեր ամբողջ համայնքի վստահության իսկական վկայություն է: Չնայած ուսումնական տարվա մեկնարկը փոքր-ինչ տարբերվում է սովորականից, մեր դպրոցը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի կրթությունը դառնա «միավորող  ուժ» և  աջակցի տարբեր մշակույթներ ներկայացնող 228 ուսանողի ուշագրավ ճանապարհորդությանը, ինչպես նաև շարունակի իր դրական ազդեցությունը Դիլիջանում և տարածաշրջանում»,- ասում է UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը: 
UWC Դիլիջանն արդեն ունի շրջանավարտների հինգ սերունդ՝ 502 շրջանավարտ 95 երկրից: Ավարտելուց հետո նրանք փորձում են իրենց ներդրումը բերել դպրոցի զարգացմանը՝ լինի դա դրամական աջակցություն, թե իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը՝ կամավորական աշխատանքի միջոցով: Շրջանավարտների 20% վերադառնում է Դիլիջան՝ կամավոր աշխատանքի:
 
«Այժմ ապագայի պլաններ կազմելիս անսահման երախտապարտ եմ դպրոցին մեզ համար հրաշալի հնարավորություններ ստեղծելու համար. այստեղ ես ձեռք եմ բերել ամուր հիմք, որն ինձ թույլ է տվել ընդունվել իմ նախընտրած Բրաունի համալսարան»,- ասում է Պրյանկան՝ UWC Դիլիջանի 2020թ. շրջանավարտը Նեպալից: 
 
«Ես ցանկանում եմ ուսումնասիրել քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, որպեսզի ձեռք բերեմ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ հմտություններ: Ապագայում ցանկանում եմ նպաստել իմ համայնքի զարգացմանը՝ ջանքերս ուղղելով սոցիալ-տնտեսական անհավասարության հետևանքով մարդու կյանքի հանդեպ խիստ խախտումների վերացմանը»։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն