Վերաբնակեցում. Ադրբեջանում խուճապ է


Վերաբնակեցում. Ադրբեջանում խուճապ է

  • 31-08-2020 18:18:57   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանական պրոպագանդան ահազանգում է Արցախում 500 հազար հայերի վերաբնակեցման ծրագրի մասին, որի մասին տագնապ է հնչեցրել թուրք-ադրբեջանական բարեկամության ինչ որ մի կազմակերպության նախագահի տեղակալը:
 
Ադրբեջանցիների համար «ելակետ» է Արցախում լիբանանահայության ներկայացուցիչների վերաբնակեցումը՝ Բեյրութում սարսափելի պայթյունից հետո: Ադրբեջանցիները նշում են, որ դա Արցախը 500 հազար հայերով բնակեցնելու մեծ ծրագրի մաս է, ահազանգելով միջազգային հանրությանը, թե պետք է «դատապարտել ադրբեջանական տարածքներում հայերի բնակեցումը»: Ավելին, նշմարվում են անգամ սպառնալիքներ, թե հակառակ դեպքում պատերազմի պարագայում այնտեղ գտնվող բնակչությունը չի համարվի «քաղաքացիական բնակչություն»:
 
Ատոմակայանի հարվածելու մասին հայտարարությունից հետո, Բաքվի դեպքում ամենեւին զարմանալի չեն քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հայտարարությունները: Ավելին, Ադրբեջանը խաղաղ բնակչության թիրախավորել են պարբերաբար:
 
Մյուս կողմից, դա իհարկե ռազմա-քաղաքական անզորության վկայությունն է: Դրա վկայությունն է նաեւ աղմուկը, որ Բաքուն բարձրացրել է Բեյրութում սարսափելի աղետից տուժած հայերին Արցախում պատսպարելու իրողությունից, ազդարարելով 500 հազար հայերի վերաբնակեցման մեծ պլանի մասին: Չի բացառվում, որ միջազգային կառույցների ուշադրությունը գրավող ադրբեջանցիները այս անգամ էլ կոչ անեն գալ եւ իրականացնել մոնիտորինգ՝ վերաբնակեցում թույլ չտալու համար: Մի բան, որ Բաքուն արեց 2003-04 թվականներն: ԵԱՀԿ մոնիտորինգի խումբն անցավ Արցախի տարածքներով, ու հետաքրքիրը եւ տարակուսելին այն էր, որ այսօր ազգային խրոխտ ու հերոսական դիրքից խոսող այն ժամանակի իշխանությունն այդ օրերին ոգեւորությամբ արձանագրում էր, որ ԵԱՀԿ-ն ոչ մի վերաբնակեցում էլ չի արձանագրել:
 
Վերաբնակեցումն ադրբեջանցիների մղձավանջն է, եւ մի քանի լիբանանահայ ընտանիքի Արցախում հաստատվելու հանգամանքը այդ պատճառով է նրանց աչքին երեւացել 500 հազար հայերի վերաբնակեցման պլան:
 
 
Արցախի, մասնավորապես Արաքսի հովտի բնակեցումը էապես փոխելու է ռեգիոնալ այն ստատուս-քվոյի բովանդակությունը, որ ձեւավորվել է արցախյան առաջին հաղթանակով եւ պահվել ապրիլյան քառօրյա պատերազմում: Ավելին, եթե 2003-04 թվականներին Հայաստանը «հպարտությամբ» չարձանագրեր, որ ԵԱՀԿ դիտորդները հերքել են վերաբնակեցման ադրբեջանական մեղադրանքը, այլ հանրությանը  պատասխան տար այդ վերաբնակեցման բացակայության համար, ապա ռազմա-քաղաքական զարգացումները կարող էին ունենալ բոլորովին այլ ընթացք:
 
Բայց Երեւանը զերծ է մնացել վերաբնակեցման ծավալուն քաղաքականությունից եւ ավելին, կարգավորման գործընթացում քննարկել տարածք վերադարձնելու հնարավորությունը: Ինչի դիմաց, խոշոր հաշվով էական չէ, որովհետեւ անորոշ պայմանի պարագայում փաստացի ճանաչվել է տարածքների նկատմամբ ադրբեջանական որոշակի իրավունք:
 
Ադրբեջանի գրեթե երկու տասնամյակի պահվածքը պարզորոշ հուշում է, որ հայկական պետականության առաջ անվտանգային խնդիրը տարածքների նկատմամբ ադրբեջանական «իրավունքի» սպասարկման ծառայած գործընթացը հայերի բնակության իրավունքի դաշտ տեղափոխելն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play