ԲՀԿ-ն նախապատրաստվում է բոյկոտի․ ինչ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)


ԲՀԿ-ն նախապատրաստվում է բոյկոտի․ ինչ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

  • 01-09-2020 17:15:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Հրապարակ թերթը գրում է. 
Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նախագահ Արմեն Սարգսյանի նվազ լիազորություններից եւս մեկը։ Ուրբաթ օրը Սարդարապատում նա պետական բարձր պարգեւներ՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհեց, «Մարտական խաչ» շքանշաններ հանձնեց տավուշյան մարտերի հերոսներին: Մինչդեռ Սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն․ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»։ Ա․ Սարգսյանն օգոստոսի 27-ից արձակուրդում է, իսկ միջոցառումը կազմակերպել էին դրա հաջորդ օրը, որպեսզի հերոսներին գնահատելու եւ պարգեւատրելու դափնին ոչ թե նախագահը ստանար, այլ՝ վարչապետը։
Սակայն, «անալոգիայի կիրառմամբ», եթե ՀՀ նախագահը չի իրականացնում իր լիազորությունները, ապա, ըստ Սահմանադրության, դա անցնում է ոչ թե վարչապետին, այլ՝ ԱԺ նախագահին։ Այսինքն, յուրացվել են ԱԺ նախագահի լիազորությունները նույնպես։
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է առաջադրված թեկնածուն:
Սրանով ԲՀԿ-ն փորձում է իր վերաբերմունքն արտահայտել ՍԴ դատավորների փոփոխությանը՝ դա համարելով անօրինական»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ինքը որևէ նպատակ չունի առաջիկայում անձամբ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու, չնայած այն բանին, որ վերջերս ասուլիսով է հանդես եկել ու մի քանի հանդիպումներ ունեցել ՀՀԿ-ական երիտթևի անդամների հետ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկություն չունի նոր իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել ու առավել լարել իր դեմ։
Նրա այս պահվածքը նկատվեց հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող ասուլիսի ժամանակ: Ու չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն հանդիպումներ է ունենում նաև իր թիմակիցների կամ անհատների հետ, այնուամենայնիվ, իր համար էլ պարզ է, որ իր կամ իր մերձավորների դեմքով քաղաքական պայքարը դատապարտված է տապալման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացած տեղեկությունները ճշտել Սերգ Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Մերի Հարությունյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
 
«Հայկական ժամանակ»-ը գրում է. 
Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում է նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը: Թեման նաեւ հանրային քննարկումների օրակարգում է հայտնվել, ու հուշարձանը հիմնականում արժանանում է բուռն քննադատության՝ չնայած որ քանդակի տեսքը նորություն չէ, եւ մրցույթում հաղթած տարբերակը հրապարակվել է դեռ այս տարվա սկզբին: Ի տարբերություն հանրային կարծիքի, մարտի 1-ի զոհերի հարազատները կիսում են մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու ընդունում կատարված ընտրությունը: Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում այսօր ասել է, որ համաձայն չեն քանդակի անվանման հետ, բայց թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իրենց ասել են, որ այդ անվանումը կհանվի շրջանառությունից: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ազդեցություն-հակազդեցություն»-ի փոխարեն հուշարձանի նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում՝ հավելելով, որ քանդակը որեւէ անուն չունի եւ չի էլ ունեցել: «Դա  մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան է եւ վերջ, իսկ այդ անունը, որը շահարկվում է, մի անվանում է, որը քանդակագործն իր աշխատանքի ընթացքում գործածել է»,-ասաց փոխքաղաքապետը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ազգային Անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց իրականացրած գործունեության մասով նոր բացահայտում է արել: Մասնավորապես, ԱԱԾ բացահայտել է, որ իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունը 2019թ. մայիս-հունիս ամիսներին, մասնակցելով ՀՀ ՊՆ շենքերի շինությունների ընթացիկ արտաքին ջրագծերի, ինչպես նաև օդափոխության համակարգի նորոգման աշխատանքների համար հայտարարված բաց մրցույթներին, ճանաչվել է հաղթող: Արդյունքում, 2019թ. հուլիսի 13-ին և 31-ին նշված ընկերությունը ՊՆ հետ կնքել է պայմանագրեր 150 մլն դրամի չափով, որով ընկերությունը պարտավորվել է զորամասերում իրականացնել նորոգման աշխատանքներ, սակայն չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ, փաստաթղթերում ներառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ ու ուռճացրել կատարված աշխատանքների ծախսերը՝ պետությունից հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի` խարդախության, 325 հոդ. 1-ին մասի` Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, 314 հոդ. 1-ին մասի` Պաշտոնեական կեղծիք, 375 հոդ. 3-րդ մասի`Ի շխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, հատկանիշներով»:
 
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։
Ըստ այդմ, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Թերթի տեղեկություններով, ընդհանուր առմամբ ընդունելի և գովելի համարելով այս նախաձեռնությունը՝ այդուամենայնիվ, այն ոչ միանշանակ է ընդունվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ «Երկրապահում»։
Հիմնական անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հանրային քննարկման ներկայացնելուց առաջ իրենց հետ մասնագիտական «կոնսուլտացիաներ» չեն արվել, այսինքն՝ մի տեսակ անտեսվել է «Երկրապահի» տեսակետը։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, հիմնական անհանգստությունն ու մտահոգությունը վերաբերում է աշխարհազորի ղեկավարմանը, որը վերապահված է ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին)։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս անհանգստություններին ի պատասխան ասվել է, թե հանրային քննարկումները հենց նրա համար են, որ բոլորն իրենց տեսակետները հայտնեն»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանին զուգահեռ իրենց աշխատանքներն են սկսում նաև մշտական հանձնաժողովները և քննարկելու են հարցեր, որոնք պետք է ընդգրկվեն արդեն հիմնական նստաշրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այստեղ ուշագրավ է, որ նախագծերի փաթեթը կառավարության կողմից անհետաձգելի էր համարվել դեռ հուլիսի 9-ին, երբ ընդունվել էր կառավարության կողմից: Սակայն խորհրդարանն անհետաձգելի համարված նախագիծն այդպես էլ չընդունվեց:
Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով: Եվ ահա, այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել և բուռն քննարկել նախագիծը և արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Եվ ահա, այդ աղմկահարույց նախագիծն արդեն նոր նստաշրջանի օրակարգում է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ էլ խմբակցության ներսում միակարծիք չեն նախագծի շուրջ և չի բացառվում, որ դեմ քվեարկողներ ևս շատ լինեն:
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում և լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում և նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը: Հավելենք, որ օգոստոսի 4-ին նախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունում և արձանագրվել են խնդիրներ, և բացթողումներ, որոնք պետք է լուծվեն»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը ստեղծել է նոր աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրում է Արարատյան դաշտում գործող ինքնաշատրվանող հորերի թույլտվության օրինականությունը և այդ հորերի իրական ջրատվությունը:
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ձկնաբուծական տնտեսություններն ապօրինի հորատումներ են իրականացրել և անխնա օգտագործել ստորգետնյա ջրային ավազանի պաշարները, որը հանգեցրել է մի խումբ անձանց հարստացման, իսկ Հայաստանը՝ էկոլոգիական աղետի:
Ստուգումների արդյունքում հնարավոր է, որ որոշ ձկնաբուծարաններ, այդ թվում՝ նախկին և ներկա օլիգարխների պատկանող, դադարեցնեն իրենց գործունեությունը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն