ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ելույթ-դասախոսություն է ունեցել «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի 4-րդ հոսքի շրջանավարտների համար


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ելույթ-դասախոսություն է ունեցել «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի 4-րդ հոսքի շրջանավարտների համար

  • 02-09-2020 13:06:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի 4-րդ հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել հակիրճ ելույթ-դասախոսությամբ։
 
«Բարի երեկո բոլորին, ինձ համար պատիվ է այսօր այստեղ լինել և ներկայացնել Միացյալ նահանգները։ Անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ շնորհավորել այս հեղինակավոր դպրոցի այս խմբի շրջանավարտներին  ավարտելու կապակցությամբ»,-խոսքի սկզբում նշեց դեսպանը։
 
Դեսպանն անդրադառնալով օրվա խորհրդին մասնավորապես ասաց, որ սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի օրը, ավելի լավ նշել չէինք կարող։
 
«Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի օրը, երևի ավելի լավ նշել չէինք կարող, դա իսկապես գերազանց է, երբ նշում ես այս օրը մարդկանց մի խմբի հետ, որոնք իրենց վճռականության և կամքի շնորհիվ կարողացել են այսօր այս ձեռքբերումն ունենալ։ Սիրելի շրջանավարտներ, ցանկանում եմ ձեզ շնորհավորել ավարտելու կապակցությամբ և ձեռքբերելու այն հիմնարար իմացությունները, որոնք ձեզ թույլ կտան դառնալ այս երկրի ապագա առաջնորդներ։ Այսօրինակ ձեռքբերումն առավել կարևորվում է հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են բոլորիս առաջ՝ կապված կորոնավիրուսի հետ։ Ձեր հաստատակամությունը և նվիրումը, որով դուք կարողացել եք այս մարտահրվերներին դիմակայելով ունենալ նման ձեռքբերում, փաստում է այն մասին, որ դուք կարող եք Հայաստանի համար դառնալ ապագա առաջնորդներ։ Ես հիացած եմ ձեր կամքով և հաստատակամությամբ ու պատրաստ ենք աշխատել ձեզ հետ որպես գործընկերների Հայաստանը որպես ինքնիշխան և ժողովրդավար պետություն կայացնելու աշխատանքներում»,-դիմելով դպրոցի շրջանավարտներին՝ վստահեցրեց Լին Թրեյսին։
 
Դեսպանը նշեց, որ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան իր առաջնահերթ խնդիրներից մեկը Հայաստանի և Միացյալ նահանգների միջև կապերի ամրապնդումն է հիմնվելով երկկողմ ընդհանուր արժեքների վրա։
 
«Այդ արժեքների մեծ մասը հենց այն արժեքներն են, որոնց դուք անդրադարձել եք «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում ուսանելու 4 ամիսների ընթացքում, ձեր դասախոսությունների և քննարկումների ժամանակ։ Սա ներառում է ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորումը։ Սա առաջնահերթ խնդիր է ձեր կառավարության համար, ինչպես նաև Միացյալ նահանգների համար։ Միացյալ նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր ընտրած ճանապարհիը անցնելու դեպի ժողովրդավարություն»,- հավելեց դեսպանը։
 
Լին Թրեյսին մասնավորապես  նշեց, որ ցանկացած կառավարության պարագայում ուժեղ ընդդիմությունը կարևոր դերակատարում ունի իշխող ուժի  հաշվետվողականությունը ապահովելու հարցում։
 
«Հաջողված ժողովրդավարությունը տարբեր երկրներում ունի նմանություններ և դրանցից մեկը ամուր, ուժեղ  ընդդիմությունն է։ Ցանկացած կառավարության պարագայում ուժեղ ընդդիմությունը կարևոր դերակատարում ունի իշխող կուսակցությանը կամ դաշինքի հաշվետվողականությունը ապահովելու հարցում։ Նույն կերպ կարևոր է նաև աշխույժ քաղաքացիական հասարակության դերակատարումը, որը ընկալվում է որպես գործընկեր և, որը ապահովում է քաղաքացիական վերահսկողություն կառավարության գործունեության տարբեր ասպեկտների նկատմամբ։ Բացի այդ ազատ և արհեստավարժ  մամուլի առկայությունը օգնում է, որպեսզի մարդիկ կարողանան հնչեցնել իրենց դիրքորոշումները, և սա թույլ է տալիս, որ ժողովրդավարությունը իսկապես ծաղկում ապրի։ Ժողովրդավարության մեկ այլ բաղադրիչ էլ մարդու իրավունքների նկատմամբ միարժեք հարգանքն է, որը մեր երկու երկրների համար ընդհանուր արժեք է»,-ասաց նա։
 
Ըստ դեսպանի՝ ամուր պետություն կառուցելու հարցում կարևոր նշանակություն ունի ներառականությունը և այնպիսի կառավարության ապահովումը, որը ներկայցնում է իր երկրի բոլոր քաղաքացիներին։
 
Եզրափակիչ խոսքում դեսպանը կարևորեց ամուր ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից հակակշռող մեխանիզմների ձևավորումը։
 
«Դուք դառնալու եք վաղվա Հայաստանի քաղաքական առաջնորդները, և ես հորդորում եմ դուք մշտապես մտորեք այս արժեքների շուրջ, կարևորեք ամուր ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից հակակշռող մեխանիզմների ձևավորումը, ապահովեք մարդու իրավունքների նկատմամբ, հարգանքի ապահովումը և կոռուպցիան արմատախիլ անելու հարցերը պահեք ուշադրության կենտրոնում։ Որպես Հայաստանի ապագա առաջնորդների,  հորդորում եմ ձեզ որպեսզի դուք ձեր ջանքերը ուղղեք այս արժեքների ամրապնդմանն ու խորացմանը։ Այդ կերպ վարվելով դուք ձեր ներդրումը կունենաք Հայաստանի լուսավոր ապագան կերտելու գործում, ապագա, որը պահանջում է հայ ժողովուրդը և ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը։ Դեպի նման ապագա շարժվելու ճանապարհին ի դեմս Միացյալ նահանգների դուք կունենաք բարեհաճ գործընկեր»,- եզրափակիչ խոսքում նշեց Լին Թրեյսին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն