Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց


Նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 տրանսպորտային միջոց

  • 03-09-2020 14:29:11   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար  ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ 
 
Ոստիկանությանը անհրաժեշտ գումարը հատկացնելու նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: 
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Պարեկային ծառայության ձևավորման ընթացի վերաբերյալ:
 
Այսպիսով՝ իրականացվել է դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերից սպասվում է 5 ամսյա դասընթացի մեկնարկի փուլը: 
 
«Մեկ տեղի համար պայքարել է 3 անձ: Մեծամասնություն են կազմում քաղաքացիական անձինք: Դիմել են նաև ոստիկանության գործող ծառայողներ: Հիմա արդեն մեկնարկում է մրցույթը: 2021 թ. առաջին եռամսյակի ավարտին Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը 700 անձի կազմով պատրաստ կլինի  մեկնարկելու: Դրանից հետո Պարեկային ծառայությունը կտարածվի ամբողջ հանրապետության տարածքում: Ավտոմեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ: Պարեկային ծառայության հետ գործարկվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասել է նախարարը՝  հավելելով, որ Պարեկային ծառայությունն ունենալու է նաև նոր զենքի տեսակ. այն նախատեսվում է ձեռբ բերել աշնանը:  
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն