Բացօթյա համերգով և հետաքրքիր ծրագրով տրվեց Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի մեկնարկը


Բացօթյա համերգով և հետաքրքիր ծրագրով տրվեց Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի մեկնարկը

  • 07-09-2020 10:57:50   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին:
 
Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչեց հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն ուներ ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները:
 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու: ԿԵԱԿ տնօրենը գոհ է առաջին համերգից:
 
«Այս ամիս պարբերաբար կունենանք բացօթյա համերգներ, որոնց ընթացքում ելույթ կունենան ԿԵԱԿ բոլոր հինգ երաժշտախմբերը: Չնայած կորոնավիրուսային վարակին՝ երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են, նոր ծրագրեր պատրաստել՝ ընդլայնելով իրենց երկացանկերը»,-նշում է Նորայր Նազարյանը: Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Նոյյան տապան  -   Մշակույթ