Դասագի՞րք, թե՝ ծնողի հեռախոս. Արման Աթոյանը՝ կրթության բնագավառում նոր տեսաբովանդակության տարածման մասին


Դասագի՞րք, թե՝ ծնողի հեռախոս. Արման Աթոյանը՝ կրթության բնագավառում նոր տեսաբովանդակության տարածման մասին

  • 14-09-2020 10:08:40   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Նոր կորոնավիրուսի համավարակը ARLOOPA ընկերության վրա ունեցավ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն. բացասական ազդեցությունն այն էր, որ համավարակի պայմաններում առևտրի կենտրոնները փակ էին, ցուցահանդեսներ չէին անցկացվում, և ընկերությունները չէին պատվիրում ARLOOPA-ի լրացված և վիրտուալ իրականության մշակումներն իրենց ապրանքները և ծառայությունները ներկայացնելու համար։ Իսկ դրական ազդեցություն այն էր, որ, մասնավորապես, հուլիսին արձանագրվեց ARLOOPA հավելվածի ներբեռնումների 450 տոկոս օրգանական աճ։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում տեղեկացրեց X-TECH ընկերության տնօրեն և ARLOOPA ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը։
 
Նա նշեց, որ հավելվածի ներբեռնումների աճն արձանագրվել է Հնդկաստանի ուսուցիչների հաշվին. «Նրանք մեր եռաչափ մոդելների գրադարանից ընտրում են տարբեր տեսակի մոդելներ, որոնց միջոցով ստեղծում են հետաքրքիր տեսաբովանդակություն։ Դրա ֆենոմենալ շարունակություն այն է, որ ուսուցիչները աշակերտներին հանձնարարում են, որ իրենք պատրաստեն տեսաբովանդակություն»։ 
Արման Աթոյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ հայաստանցի ուսուցիչները ևս տեսաբովանդակություն են ստեղծել ընկերության մոդելների միջոցով, սակայն դրանց օգտագործումը Հայաստանի մանկավարժների շրջանում զանգվածային բնույթ չի կրում։ «Տեսաբովանդակության ստեղծման առումով մեր ուսուցիչները ակտիվ չեն։ Իրենք բլոգերի ձևաչափով գրում են, բայց որպես նյութի տեսակ տեսաբովանդակություն քիչ են ստեղծում։ Այդ տեսակի մեդիագրագիտության խնդիր ունենք, այսինքն՝ պետք է ուսուցիչներին էլ սովորեցնել»,- նկատեց, նա՝ հավելելով, որ թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրություն ցուցաբերել է ARLOOPA-ի մշակումները կրթական համակարգում կիրառելու հարցում, դրա լուծումը կապված է որոշակի դժվարությունների հետ։
 
«Դասագրքի՝ լրացված իրականության մեթոդով ներկայացվող նյութերը ևս պետք է շատ ատյաններով հաստատումներ ստանան առ այն, որ դա դիդակտիկ նյութ է, կից է, համապատասխանում է համատեքստին։ Դասագրքերի հեղինակների և հրատարակիչների համաձայնություն էլ է պետք, քանի որ հեղինակային իրավունքը և մտավոր սեփականությունը պատկանում է այդ մարդկանց,- պարզաբանեց ընկերության համահիմնադիրը։- Դրա համար ավելի տրամաբանական է միանգամից գնալ ծնողների մոտ, մարդկանց տուն, միանգամից հայտնվել հեռախոսի մեջ։ Բայց այդ նոր ստեղծվող նյութը չի ունենա կախում արդեն եղած դասագրքից և դրա հաստատումներից։ Իհարկե, դա պետք է արվի մասնագետների հետ համագործակցությամբ»։ Որպես հնարավոր օրինակ ներկայացվեց ուսուցիչների հետ պայմանավորվածությամբ դասագրքերում տեղ գտած փորձերը վիրտուալ նյութ դարձնելը, որ երեխաներն իրենց տանն այդ փորձերը տեսնեն։ ARLOOPA-ի և մանկավարժների համագործակցության նախադեպեր արդեն կան, երբ նրանց առաջարկով ընկերությունը վերջերս իր հավելվածում տեղադրել է ծավալային տառեր և տարածաչափական օբյեկտներ։
 
Տեղեկացնելով, որ 2016-ին աշխարհում ընդհանուր մոբայլ վիրտուալ իրականության նյութերի ներբեռնումների 1 տոկոսը (1,5 մլն ներբեռնում) բաժին է հասել ARLOOPA հավելվածին՝ Արման Աթոյանը պարզաբանեց՝ զուտ ներբեռնումը ընկերությանը գումար չի տալիս, որովհետև հավելվածն անվճար է, բայց հավելվածի մեջ կան վճարովի գործառնություններ։ «Եթե հայտնի մարդն ունի երկրպագուների մեծ բազա, նրա ստեղծած բովանդակությունն արդեն արժեք ունի։ Հայաստանում կան տարբեր բլոգերներ, որոնք ունեն բազմահազար հետևորդներ։ Բլոգերներն ARLOOPA-ով տեսանկարահանում են շատ հետաքրքիր բովանդակություն, և այն ունենում է տասնյակ անգամ ավելի շատ ցուցադրումներ, քան սովորական տեսանյութերը»,- ընդգծեց նա։ 
 
Արժեքավոր բովանդակության ստեղծման ուղղությամբ համագործակցության մյուս տարբերակն այն է, երբ մարդիկ ARLOOPA-ում վաճառում են իրենց ստեղծած բովանդակությունը։ «Օրինակ, երեխան սովորում է աստղագիտություն, նրա համար դժվար է պատկերացնել այդ բոլոր երևույթները։ Մի տաղանդավոր երեխա կարող է այդ երևույթները ձայնային ուղեկցումով, իր անիմացիաներով ներկայացնել և այդ բովանդակությունը մեր հավելվածի միջոցով վաճառել։ Մենք վաճառքի գումարի 70 տոկոսը տալիս ենք իրեն, 30 տոկոսը՝ պահում մեզ, որ հոգանք մեր ծախսերը»,- նշեց Արման Աթոյանը՝ հավելելով, որ նման համագործակցության հեռանկարային ուղղություն է, մասնավորապես, զբոսաշրջային բովանդակությունը։ 
 
Համագործակցության մեկ այլ տարբերակ է որոշակի նախագիծն արտաքին ֆինանսավորմամբ իրականացնելը։ «Մեկը կարող է մեզ դիմել քիմիայի կամ ֆիզիկայի թեմայով, օրինակ, 10 փորձերից բաղկացած փաթեթ ստեղծելու առաջարկով։ Ենթադրենք, եռաչափ մոդելավորման մասնագետների, անիմատորների աշխատանքի գներով այդ փաթեթը ստեղծելն արժե 10 հազար դոլար։ Մենք այդ մարդուն առաջարկում ենք ներդրում կատարել, կամ ներդրում կատարելու առաջարկը բաց հարթակում ներկայացնում այլ ներդրողների՝ ասելով, որ այդ նախագծի բովանդակությունը վաճառելու ենք, օրինակ, 2 դոլարով, և ունենք ամբողջ աշխարհին վաճառելու ներուժ»,- նկատեց Արման Աթոյանը և տեղեկացրեց, որ ARLOOPA-ի հաջորդ թարմացումով հնարավորություն է ընձեռվելու հենց մոբայլ հավելվածում բովանդակություն պատրաստել։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ