Մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերները. ԱԻ նախարար
21-09-2020 09:54:21 | Հայաստան | Հասարակություն
Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուղերձ է հրապարակել ՀՀ Անկախության տոնի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր ժողովրդի ամենանվիրական՝ Անկախության տոնի առթիվ:
29 տարի առաջ սեպտեմբերի 21-ին իր սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականություն ցուցաբերած մեր ժողովուրդը ստանձնեց և հաստատակամ կերտում է իր պատմությունը՝ ստեղծելով և կայացնելով պետականության կարևորագույն ենթակառուցվածքները:
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերներն ու դժվարությունները:
Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ ունենք հայոց սահմաններն ամուր պահող մարտունակ բանակ, իր իրավունքները պաշտպանելու ունակ քաղաքացի և որ ամենակարևորն է՝ մեր երկրի ապագային հավատացող երիտասարդություն:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախությունը մեզ տվել է քաղաքական հասունություն և քաղաքացիական բարձր գիտակցություն:
Այս օրը սրբազան խորհուրդ ունի, և մենք պարտավոր ենք այն իր ողջ պատասխանատվությամբ փոխանցել սերունդներին:
Անսահման հաջողություններ ու արևշատություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին: