Ազգագրական երգ ու պարը՝ Տավուշում. «Գութան» փառատոնին տասներեք համույթ կմասնակցի
21-09-2020 10:44:18 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի ավանդական երգի-պարի «Գութան» ամենամյա փառատոնը 2020-ին կանցկացվի սեպտեմբերի 25-26-ը Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում:
Փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ընդգծում է, որ վերջապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականանում է վեց տարվա իր փայփայած կարևոր երազանքներից մեկը՝ «Գութան»-ը՝ սահմանապահ Տավուշում:
Փառատոնին այս տարի կմասնակցի 13 կոլեկտիվ: «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Արդվին», «Մասունք, «Նուբար», «Վերադարձ», «Գորանի», «Վարք Հայոց», «Սեբաստացիներ», «Մարաթուկ», «Արեգ» և «Մարաթուկցիներ» ազգագրական խմբերը ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ-մեկ համայնք ձևաչափով, այնուհետև բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:
«Շուրջ 250 արտիստներ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող և ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ համավարակի պատճառով արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների և հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատև դադար, և «Գութան»-ի շնորհիվ իրենց կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ տավուշցիներին:
Կազմակերպիչները փառատոնի միջոցով ցանկանում են իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին և 3-րդ բանակային կորպուսի քաջարի զինվորներին, զինվորականներին՝ հայրենիքի դարպասները ամուր և երկինքը խաղաղ պահելու համար։
««Գութան»-ի նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը»,- նշում է Արսեն Գրիգորյանն ու տեղեկացնում, որ փառատոնը բացառիկ է նաև իր հասանելիությամբ, բացօթյա է և անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:
Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձևաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երևանից Բերդ կտեղափոխվի հզոր և ժամանակակից մեծ բեմ, լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու են ամբողջությամբ կենդանի հնչողություն և կատարումներ:
Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները: