Ձորագյուղում հիմնանորոգվել է երկու փողոց, ընթացքում է մշակույթի տան հիմնանորոգումը
23-09-2020 15:38:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է ներհամայնքային երկու փողոցների հիմնանորոգումը, ընթացքում են մշակույթի տան հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ 3 միլիոն դրամի չափով իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի կեսերին:
Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, 55 տոկոսը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ձորագյուղում իրականացված աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետն այցի ավարտին իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից:
«Սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն տեղադրված են նոր դռներն ու լուսամուտները, կատարված են ներսի հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սրանով կավարտվի նաեւ մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որը փուլերով ընթացել էր նախորդ տարիների ընթացքում: Հիմնանորոգված ճանապարհներից մեկը տանում է դեպի հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվող Սուրբ Կարապետ կամ Մասրուց Անապատ եկեղեցի: Ակնկալում ենք, որ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք զբոսաշրջության աշխուժացում»,- նշեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը: