Քննարկվել են պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության առաջնահերթությունները

13-10-2020 15:51:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խորհրդակցության էր հրավիրել Հայաստանի ագրարային համալսարանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն», «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն», «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության» ՊՈԱԿ-ները, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն, ՍԱՏՄ անասնաբուժության վարչությունը ներկայացնող անասնաբույժ-մասնագետների, ինչպես նաև ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ մասնագետների՝ համատեղ քննարկելու պատերազմական դրության պայմաններում Հայաստանի անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրները,
անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերը, ինչպես նաև այդ առումով Արցախի Հանրապետությանն աջակցելու հնարավոր տարբերակները:
 
Գեորգի Ավետիսյանն առաջարկել է ստեղծել ուղեցույց, որը համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև պատկան մարմինների համար արտակարգ պայմաններում արագ գործողություններ ծավալելու, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու հիմք կհանդիսանա: Այն կտրամադրվի նաև Արցախի համապատասխան կառույցներին:
 
Խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ հողային, բնական օջախային, զոոնոզ ինֆեկցիաների գլուխ բարձրացնելը, թունավորումները այս պահին լրջագույն սպառնալիք են, և անհրաժեշտ է ստեղծել բուֆերային գոտիներ, հնարավորինս համագործացել Արցախի անասնաբուժական կազմակերպությունների հետ՝ վերահսկելու համար կենդանիների շարժը:
 
Կարևորվել է սահմանամերձ բնակավայրերում իրազեկման և խորհրդատվական աշխատանքների անցկացումը՝ հորդորելով բնակչությունն անմիջապես տեղեկացնել հակամարտության գոտուց Հայաստան մտած կամ բերված
չստուգված կենդանիների մասին:
 
Առաջարկվել է նաև, վերոնշյալ խնդիրների ուսումնասիրման ու համակարգման նպատակով, ստեղծել մասնագետների խմբեր, որոնք տեղերում կուսումնասիրեն իրավիճակը, ինչի հիման վրա կիրականացվի քարտեզագրում, առկա իրավիճակի ամրագրում և հետագա զարգացումների վերահսկողություն:
 
Առաջարկները կամփոփվեն և որպես ուղեցույց կներկայացվեն պատկան մարմիններին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 57 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար