Ճակատագրական մարտը. Կովկասը բեկման շեմին


Ճակատագրական մարտը. Կովկասը բեկման շեմին

  • 03-10-2020 13:55:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլեւս տարածաշրջանի ճակատագիրը, հոկտեմբերի 3-ին գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 3-ի վաղ առավոտից Թուրքիայի հրահրումով պատերազմ սանձազերծած Բաքուն լայն հարձակման է անցել Արցախի հարավի եւ հյուսիսի ուղղությամբ, ընթանում են մարտեր, որոնք ըստ տեղեկությունների ամենամասշտաբայինն են 94 թվականի հրադադարից ի վեր:
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հատուկջոկատայինների շարքում առաջնագիծ մեկնելու եւ վերջին մարտը տալու մասին:
 
Թուրք-ադրբեջանական ահաբեկչա-ռազմական հարձակումը գագաթնակետին է հասնում նախօրեին դիվանագիտական գործընթացների ինտենսիվ զարգացումից հետո, երբ գործնականում բոլոր ուժային կենտրոնները ճանաչեցին ռեգիոն ահաբեկիչներ տեղափոխելու թուրքական քայլը:
 
Նախօրեին տեղի ունեցան մի քանի հատկանշական իրողություններ: Մասնավորապես, Ժնեւում հանդիպել եւ արցախյան գոտում պատերազմական իրավիճակն են քննարկել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւն ու Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Օբրայանը:
 
Միեւնույն ժամանակ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որը երրորդն է թուրք-ադրբեջանական ահաբեկչա-ռազմական ավանտյուրայից հետո:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝  ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը: Նա հայտարարել էր, որ «Իրանի սահմանների կատարյալ անվտանգության  պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը բացառություն չի անելու որևէ երկրի համար»: Դա Իրանի բավականին կոշտ զգուշացումն է Ադրբեջանին եւ Թուրքիային:
 
Այդ ֆոնին թուրք-ադրբեջանական տանդեմը անցնում է լայնածավալ նոր հարձակման, գործնականում խտրություն չդնելով նաեւ միջոցների հարցում: Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց բացի, ահաբեկիչները թիրախավորում են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնց հարվածը կարող է բերել նաեւ բնապահպանական աղետի:
 
Ակնառու է, որ Էրդողան-Ալիեւ  տանդեմը շտապում է: Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 5-ին Անկարա է մեկնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ն պետք է վերաբերմունք արտահայտի իր անդամի ահաբեկչական քաղաքականության նկատմամբ: Թուրքիան անցել է կարմիր գիծը՝ նախօրեին հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
 
Հայտնի է դարձել նաեւ, որ հոկտեմբերի 3-ին Անկարա է մեկնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքքերը: Պետքարտուղար Պոմպեոն հայտարարել էր, որ անթույլատրելի է արցախյան հակամարտության լարումն ու լարվածության միջազգայնացումը:
 
Արցախի արտգործնախարարությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա է Արցախի ժողովրդի անվտանգության եւ ռեգիոնալ խաղաղության հասնելու գրավականը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն