Մարմնամարզիկները չեն մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
06-10-2020 16:44:38 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Առաջնությունը պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը՝ Բաքվում , որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի ֆեդերացիան։
Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած ընտրանին պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է Մինսկում նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցել Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Կհաջորդի մրցաշրջանի վերջին ակորդը․ ՌԴ Պենզա քաղաքում դեկտեմբերին տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարը։