Ինչ են խոստացել Վրաստանին Բաքվի զենքը բաց թողնելու դիմաց


Ինչ են խոստացել Վրաստանին Բաքվի զենքը բաց թողնելու դիմաց

  • 07-10-2020 16:45:58   | Հայաստան  |  Վերլուծություն

«Երբ մեր հարեւանությամբ իրական պատերազմ է ընթանում, ապա դա մեծ ռիսկ է Վրաստանի համար: Իհարկե, մենք անում ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ: Վրաստանն ուղղակիորեն հետաքրքրված է միայն բանակցությունների ճանապարհով տարածաշրջանում ցանկացած հակամարտության կարգավորմամբ, մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ», ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
 
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ընդունել Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով: Նա ասել է նաեւ, որ պատրաստվում է բանակցություններ վարել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ:
 
Զուգահեռ, վրացական մեդիա-քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկվում է Դավիթ Գարեջիի վանքի խնդիրը, որի մի մասը տարածքային վեճի առարկա է Բաքվի ու Թբիլիսիի միջեւ: Պատերազմի նախօրեին Թբիլիսի էր այցելել Բաքվի ԱԳ նախարարը, որից հետո էլ աշխուժացել էին այդ խոսակցությունները: Թբիլիսիում «հանկարծ» փաստաթղթեր էին հայտնաբերվել, որ այդ տարածքի սահմանազատումը տարիներ առաջ ճիշտ չի կատարվել:
 
Վրաստանը հայտարարում է չեզոքության եւ իր տարածքով պատերազմող կողմերին զենքի մատակարարումների արգելքի մասին, սակայն Իսրայելից ու Թուրքիայից ռազմական բեռներն օդով ու ցամաքով անարգել տեղափոխվում են Բաքու, համալրելով Բաքվի ռազմական պաշարները, որոնք սպառվում են հայկական հրետանավորների անպատմելի սխրանքների արդյունքում: Ընդ որում, բերվում են սպառազինություններ, որոնք ընդունակ են լուրջ կորուստներ պատճառել հայկական բանակին:
 
Դրա դիմաց Բաքուն Դավիթ Գարեջիի վա՞նքն է խոստացել: Իսկ ի՞նչ են խոստացել Իսրայելն ու Թուրքիան: Ընդ որում, դատելով Զուրաբիշվիլիի առաջարկներից, Վրաստանը հույս ունի ստանալ նաեւ Հարավային Օսիան, վերջերս ռուսական հարթակներում քննարկվող այսպես կոչված ռուսական մոդիֆիկացված պլանի շրջանակում:
 
Հասկանալի է, որ Վրաստանը ոչինչ էլ չի ստանալու: Հայաստանի հանդեպ Վրաստանի «չեզոքությունը» 1920-ին չփրկեց վրացիներին թուրքական ներխուժումից: 100 տարի անց կրկին հայտարարվել է չեզոքության մասին, բայց իրականության մեջ փաստացի իրականացվում է Հայաստանի ռազմական բեռների շրջափակում, թշնամու ռազմական բեռների ցամաքային եւ օդային անարգել փոխադրումների պայմաններում:
 
Հայ պաշտոնյաներն ու մեդիա-քաղաքական շրջանակները անցած տասնամյակներին աշխատում են պահել Վրաստանի հանդեպ նրբանկատությունը եւ Վրաստանի համար ծանր շրջաններում թիկունքից որեւէ հարված չեն հասցրել, թեեւ եղել են առիթներ, եւ դրանք շահեկան կլինեին Հայաստանի համար: Մասնավորապես, Վրաստանի տարածքով էքստերիտորիալ ճանապարհի հարցը դեպի Ռուսաստանի սահման եւ Բաթում:
 
Վրաստանում հիանալի գիտեն, թե ինչի համար է թուրքական ու իսրայելական զենքը տեղափոխվում Բաքու, եւ թերեւս հիանալի պատկերացնում են, թե ինչ է սպասվում: Հայկական շրջանակները եղբայրաբար շարունակում են զգուշացնել այդ մասին, բայց արդեն ուշ է: Վրաստանը վերածվում է Հայաստանի դեմ Իսրայելի ու Թուրքիայի ագրեսիայի էժանագին շահառուի:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play