Հայկական բանակը միջազգային անվտանգություն արտահանողի իր դերը փայլուն է կատարում
09-10-2020 13:20:54 | | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:
Անսպասելի աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Դրանից առաջ վարչապետը հայտարարեց, որ առաջնագծում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», և որ այդ հարցով քրեական գործ է հարուցվել։ Արդյոք կապ տեսնո՞ւմ եք այդ հայտարարության և ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության միջև։ Նաև տեսակետ է հնչում, որ ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ է արվել Մոսկվայի պահանջով, քանի որ նա ԱԱԾ-ի կադրերից չէ, այլ ինչպես որոշ շրջանակներ են ասում, «սորոսական է»։
«Սորոսական» ձևակերպումը որոշ շրջանակներ շրջանառում են բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց դուր չեն գալիս։ Ընդհանրապես, այդ անհասկանալի պիտակն արդեն օգտագործում են մարդկանց նկատմամբ, ում նկատմամբ այդ տերմինի շրջանառության ծագման սկզբում օգտագործելը ծիծաղելի կլիներ։ Այսօր էլ կարող ենք ծիծաղել ու անցնել առաջ, բայց ապագայի համար դա քարոզչական բավականին վտանգավոր հայեցակարգ կարող է դառնալ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղն այդ տերմինով չեն պիտակավորվի հենց այն ստեղծողների կամ հենց ձեր, որևէ մեկիս սերունդները։ Ճակատագիրը կարող է շատ անակնկալ շրջադարձեր ունենալ։ Կարծում եմ՝ այն ստեղծողները լավ չեն հաշվարկել, որ նման երևույթները երբեմն կարող են բումերանգի էֆեկտ ունենալ։ Եթե մեզ մոտ կարող են հերոսներն ու դավաճանները շատ արագ տեղերով փոխվել, ապա ի՞նչը կխանգարի, որ մի ակնթարթում «սորոսականներն» ու «ոչ սորոսականները» տեղերով փոխվեն։
Ինչ վերաբերում է Արգիշտի Քարամյանի պաշտոնանկությանը, ապա յուրաքանչյուր մեկնաբանություն ենթադրությունների շարքից կարող է լինել։ Այդ պատճառով ես զերծ կմնամ մեկնաբանություններից։ Այդպիսի մեկնաբանության անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, դա կարող էին անել կառավարող ուժի ներկայացուցիչները։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ դա զուտ ներքին որոշում է և ոչ մի կապ չունի արտաքին գործոնների հետ։
Պատերազմի սկզբից ներքաղաքական հարթության մեջ համերաշխության մթնոլորտ էր տիրում, սակայն վերջին օրերին կարծես նորից լարվել է իրավիճակը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք դա արվում է միտումնավոր, և ինչ նպատակով։
Մի բան է պատերազմական դրության պայմաններում համերաշխության մասին հայտարարությունը, կարող է լրիվ մի այլ բան լինել իրականությունը։ Սկզբնական շրջանում, իրոք, տպավորություն էր, որ բոլորը հավատարիմ են իրենց հայտարարություններին։ Հետո, պատերազմի սրացման շրջանի մեզ համար սովորական դարձած ժամկետների երկարաձգմանը զուգահեռ նկատեցինք, որ թիկունքի և առաջնագծի բարոյա-հոգեբանական վիճակի խարխլմանը, խուճապային տրամադրություններ գեներացնելուն միտված որոշակի քայլեր են իրականանում։ Տպավորություն էր, որ դա արվում է մի կենտրոնից և կոնկրետ շահառուներով։ Հասավ նրան, որ վարչապետը հայտնեց, թե նման լուրեր են տարածում առաջնագծում դիրքապահների շրջանում, և այդ փաստով հարուցված քրեական գործ ու ձերբակալված կա։
Ես կարող եմ միայն ենթադրել, թե ովքեր և ինչ նպատակով են դա անում, բայց, օգտվելով հարմար առիթից, ուզում եմ խնդրել, հորդորել, որ բոլոր նպատակներին ու հարցերին անդրադառնանք պատերազմական գործողություններից հետո։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի չափազանցնում, երբ հայտարարում է, որ այս պատերազմը էքզիստենցիալ պայքար է՝ լինել կամ չլինելու հարց։ Մենք ներսում ցանկացածի հետ գտնվում ենք մի նավի մեջ և մեր հարցերը կարող ենք լուծել մեր բոլորի հաղթանակից ու անվտանգությունն ապահովված տեսնելուց հետո։ Գուցե այս մոտեցումը նաիվ է և տարբեր քաղաքական խարդավանքների սովոր գործիչների համար սրանք դատարկ խոսքեր են։ Գուցե մարդիկ կարծում են, թե նպատակն, իրոք, արդարացնում է միջոցները։ Բայց ես կարծում եմ՝ պատերազմի շրջանում թիկունքի համերաշխությանը հասցված յուրաքանչյուր հարված առաջնագծում կռվող 18-20 տարեկան երիտասարդի համար ավելի ուժգին է, քան թշնամու հարվածները։ Համոզված եմ, որ մենք պատերազմի օրերին թիկունքում քաղաքական գզվռտոցի «շռայլություն» թույլ տալու իրավունք չունենք։ Իմ պատկերացմամբ, այժմ պետք է հնարավորինս օգնել կամ, նվազագույնը, կառավարությանը չխանգարել պատերազմ վարել։ Կառավարության հաջողություններն ու ձախողումները, այս պայմաններում, բոլորինս են։ Ավելին, դրանք ոչ միայն մերն են, այլև մեր սերունդների ցավը և/կամ ոգևորության առիթը։
Մոսկվան քննարկում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին միջազգային հանրության հայտարարությունները, նաև ՌԴ քայլերը այդ ուղղությամբ։
Կարծում եմ՝ 1992թ․ փետրվարին և 2016թ․ ապրիլին պատշաճ գնահատական չտալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմներին, հավասարության նշան դնելով կողմերի միջև, պատերազմի սանձազերծման մեղավորի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելով, այլ կողմերին խաղաղության կոչեր անելով ու բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելով, միջազգային հանրությունը ինչ-որ առումով խրախուսել է Ադրբեջանին նաև երրորդ ագամ պատերազմ սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Եվ եթե այսօր շարունակվի նույն գործելաոճը, լայնամասշտաբ պատերազմ սանձազերծողը չպատժվի, ապա դա պարարտ հող կստեղծի նաև չորրորդ և հետագա այլ պատերազմների համար։ Այս առումով միջազգային հանրությունը պետք է սթափվի ու մտածի տարածքային ամբողջականության սկզբունքին գերակայություն տալու իր պրակտիկայի կործանարար հետևանքների մասին։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա ստեղծվել է մի վիճակ, երբ մեր երկարաժամկետ շահերը կրկին համընկել են, և շատ պատեհ առիթ է ռազմավարական դաշնակցի իր նոմինալ դերը ստանձնելու և լավագույնս կատարելու համար։ Ես շատ տեղեկատվության չեմ տիրապետում, բայց երկու կողմերի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ շահերի այդպիսի գիտակցում և համագործակցություն կա։
Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ անկախ որևէ շահերի համընկնումից և դրանց տարամիտված լինելուց, մեր անվտանգության միակ երաշխավորը որպես պետական ինտիտուտ ձևավորված լինելու եզակի օրինակ հանդիսացող հայկական բանակն է։ Այն տարածաշրջանային և միջազգային անվտանգության արտահանողի իր դերը փայլուն է կատարում։