ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն կազմակերպել են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների հանդիպում և վերապատրաստում


ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն կազմակերպել են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների հանդիպում և վերապատրաստում

  • 14-10-2020 12:08:03   | Հայաստան  |  Ֆինանսներ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Ֆինանսական ներառման դաշինքը (ՖՆԴ) 2020 թվականի հոկտեմբերի 14-15-ին կազմակերպում են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի 6-րդ հանդիպումը և անդամների վերապատրաստումը:
 
Գիտելիքների և փորձի փոխանակման այս միջոցառմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի էլեկտրոնային ռեժիմով, կմասնակցեն ՖՆԴ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագիրը ներկայացնող յոթ երկրների ֆինանսական ոլորտի կարգավորողները և քաղաքականություն մշակողները: Ծրագրի անդամներն են  Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:
 
Սա փորձագիտական խմբի  երկրորդ հանդիպումն է, որը COVID-19 համավարակի բռնկումից հետո կազմակերպել է ՀՀ Կենտրոնական բանկը` ցույց տալով իր և Ծրագրի մյուս անդամների հանձնառությունը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում ֆինանսական ներառումը արագացնելու հարցում: ՀՀ կենտրոնական բանկը Ծրագրի ներկայիս նախագահողն է:
 
«Ծրագրի Փորձագիտական խմբի հանդիպումը և նրա անդամների համար կազմակերպվող դասընթացը անդամ երկրների հիմնական ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները կիսելու հիանալի հնարավորություն է: Այն մեծ հնարավորություն է ամփոփելու վերջին մի քանի ամիսների աշխատանքի արդյունքները և ուսումնասիրելու համատեղ ուսումնառության հնարավորությունները` անդրադառնալով ֆինանսական կրթության և գրագիտության բնագավառի կոնկրետ  մարտահրավերներին, ինչպես նաև ֆինանսական ներառումը խթանող թվային նորարարություններին»,-ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
 
Երկօրյա այս միջոցառումը կմեկնարկի Ծրագրի անդամների փորձի փոխանակումով այնպիսի կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «Էլեկտրոնային եղանակով Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC), էլեկտրոնային նույնականացում (e-ID) և տարածաշրջանային փոխգործակցող վճարային համակարգեր: Այնուհետև Ծրագրի անդամների համար կանցկացվի դասընթաց ֆինանսական կրթության և գրագիտության ծագրերի վերաբերյալ, արտացոլելով տարածաշրջանում ազգային ֆինանսական կրթության ռազմավարություններ մշակող երկրների աճող թիվը։
 
«Մենք շնորհակալ ենք Հայաստանին ՖՆԴ-ի և Ծրագրի առաջատարը լինելու և այս տարի տարածաշրջանային ծրագրի երկու հանդիպումների համակազմակերպիչը հանդիսանալու համար: Թեև COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը զգալի ազդեցություն է թողել  ՖՆԴ-ի ամբողջ ցանցի վրա, մենք կարծում ենք, որ եթե չլինեին անցյալ տասնամյակում ՖՆԴ-ի անդամ երկրների կողմից կատարված քայլերը՝ ֆինանսական ներառումը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև նախորդ ամիսների ճգնաժամին իրենց նախաձեռնողական քաղաքականության արձագանքը, իրավիճակը կարող էր լինել շատ ավելի վատ: Ճգնաժամի հետևանքները մեղմելու հարցում կարևոր դեր ունեցան թվային ֆինանսների (digital finance), mobile money, գործակալային բանկային գործունեության (agent banking),  «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC)  և ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագրերը», – ասաց ՖՆԴ-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Հանիգը:
 
ՖՆԴ-ի գործադիր տնօրենի կարծիքով «բարելավված նորմալ իրավիճակի» վերականգնմանը և կառուցմանը զուգահեռ մենք որպես կարգավորող մարմիններ, պետք է ճիշտ եզրակացություններ անենք մինչ այժմ սովորածից և նպատակ ունենանք կառուցել «նոր տնտեսություն»։ Հանիգը ընդգծեց, որ բացի թվային ֆինանսական ծառայությունների շնորհիվ ձեռքբերումներից, վերականգնման գործընթացը պետք է հաշվի առնի նաև «կանաչ ֆինանսների» քաղաքականությունը, որպեսզի նոր տնտեսությունը լինի կանաչ, դիմացկուն և սոցիալապես ներառական, ինչպես նաև սատարի գենդերային հավասարությանը՝ արտակարգ իրավիճակների և վերականգնման ծրագրերը մշակելիս:
 
«Ճգնաժամը չի ավարտվել և մենք միասին ենք անցնում այս ճանապարհը: Սակայն յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություններ է ընձեռում: Մենք ՖՆԴ-ում գտնում ենք, որ քաղաքականություն մշակողները պետք է արագացնեն ֆինանսական ներառման ուղղությամբ քայլերը, որպեսզի այդ ջանքերը օգուտ բերեն նույնիսկ ոչ ֆորմալ հատվածին՝ վերականգնման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Լյուքսեմբուրգում վերջերս բացված մեր Եվրոպայի գրասենյակը օգնում է արագացնել ՖՆԴ-ի անդամների միջև գիտելիքների փոխանակումը, համատեղ ուսումնառությունը ցանցի մնացած մասի համար և դրա սահմաններից դուրս», ընդգծեց Հանիգը։
 
ՖՆԴ-ի ցանցի հավաքական գիտելիքների հետագա խորացման արդյունքում զարգացած երկրների կարգավորող մարմինները, ներառյալ Գերմանիայի և Չեխիայի, և մասնավոր հատվածի առանցքային շահակիցները նույնպես կմասնակցեն միջոցառումների վերջին օրվան՝ ՖՆԴ-ի Պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) և Զարգացած-զարգացող երկրների երկխոսության հարթակների ներքո: Մասնակիցների լայն սպեկտրը՝ VISA-ի և Mastercard-ի երկարաժամկետ ռազմավարական գործընկերներից մինչև նոր ՊՄԵ գործընկեր Home Credit-ի, կքննարկի «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC) էլեկտրոնային ծրագրի և էլեկտրոնային նույնականացման ծրագրի (e-ID) կարևորագույն նորարարությունները, կարգավորման դաշտը, քաղաքականության համապատասխան գործոնները և քաղած դասերը:
 
Այս տարվա սկզբին ՀՀ ԿԲ-ն և ՖՆԴ-ն համատեղ կազմակերպել էին Ծրագրի 5-րդ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 1-3-ը։ Այդ հանդիպումը ՖՆԴ-ի առաջին տարածաշրջանային միջոցառումն էր, որը COVID-19 համավարակով պայմանավորված իրականացվեց էլեկտրոնային ռեժիմով: Միայն 2020թ.-ին Հայաստանը դաշինքում իր աշխատանքների շրջանակներում հրատարակել է երեք գիտելիքային պրոդուկտ՝ տարածելով իր գիտելիքներն ու փորձը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կազմակերպության անդամների համար: Դրանք են․ The Long-Term Effectiveness of Financial Education Classroom Workshops in Rural Areas the Case of Armenia (Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության լսարանային սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը՝ Հայաստանի փորձը), Key Facts Statements For Credit: Do They Work? The Experience of Armenia (Վարկերի անհատական թերթիկներ. արդյո՞ք դրանք գործում են՝ Հայաստանի փորձը), The Financial Competency Matrix for Adults, A Policy Framework (Ֆինանսական կարողունակության մատրից՝ քաղաքականության շրջանակ)։
 
Ծրագրի անդամները կլինեն ՖՆԴ-ի վերջերս Լյուքսեմբուրգում բացված Եվրոպական ներկայացուցչության գրասենյակի (ԵՆԳ) (European Representative Office) հիմնական շահառուների թվում, որը նախատեսված է զարգացող և զարգացած երկրներում կարգավորող մարմինների համատեղ ուսումնառության և գիտելիքների փոխանակման հնարավորությունները ընդլայնելու համար՝ նպաստելով առավել արդար, ներառական և կանաչ տնտեսության վերականգնմանը: Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության և արտաքին և եվրոպական գործերի նախարարության կողմից համատեղ ղեկավարվող ՖՆԴ ԵՆԳ-ն մաս է կազմում ավելի լայն ապակենտրոնացման, կենտրոնանալով հասցեական ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների տրամադրման վրա, որոնք բավարարում են գործող և հավանական անդամների կարիքները եվրոպական մայրցամաքում և այլուր: 2021 թվականին նախատեսվում է բացել ՖՆԴ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների գրասենյակ Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում:
 
2018 թ.-ին մեկնարկած Ծրագիրը ՖՆԴ-ի վերջին տարածաշրջանային ծրագիրն է և առաջնային պլատֆորմը ԱԵԿԱ-ի տարածաշրջանի ՖՆԴ-ի անդամ հաստատությունների համար` աջակցելու և զարգացնելու ֆինանսական ներառման քաղաքականությունը և կարգավորիչ շրջանակները, և համակարգելու տարածաշրջանային համատեղ ուսումնառության ջանքերը: Ծրագիրը միտված է տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը և ֆինանսական ներառման գլոբալ քաղաքականության հարցում ԱԵԿԱ տարածաշրջանի դերակատարման բարձրացմանը: Ծրագրի ներքո գործում է փորձագիտական խումբ, որը կազմված է հիմնական կամ փոխարինող փորձագետներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆինանսական ներառման ուղղությամբ տարվող փորձագիտական աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ