Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյան


Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյան

  • 14-10-2020 14:55:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին:
 
Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում:
 
- Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել:
 
Լրագրող - Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները:
 
- Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում:
 
Լրագրող - Գրեթե մեկ շաբաթ:
 
- Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը:
 
Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք:
 
- Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում:
 
Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու:
 
Լրագրող- Սակայն կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև:
 
- Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է:
 
Լրագրող - Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր:
 
- Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց:
 
Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից:
 
- Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը:
 
Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար:
 
Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ:
 
Իհարկե, նրանք արդարացումներ են բերում՝ նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ի՞նչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում:
 
Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել:
 
Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում:
 
- Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները:
 
Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ:
 
- Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին:
 
Հարց - Ի՞նչ կարող է անել Գերմանիան:
 
- Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն:
 
Հարց - Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար:
 
- Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ...
 
Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ:
 
- Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա:
 
Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները...
 
- Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը:
 
Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից:
 
- Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից:
 
Հարց - Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել:
 
- Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ:
 
Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով:
 
Հարց - Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին:
 
- Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն:
 
Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը:
 
Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից՝ նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի՛ մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր:
 
Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին:
 
65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը:
 
Հարց - Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն:
 
- Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել:
 
Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի:
 
Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո:
 
Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը:
 
Հարց - Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան:
 
- Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք:
 
Հարց - Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք:
 
- Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը:
 
Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
 
Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ