Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

  • 20-10-2020 15:54:12   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։
 
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի  պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելեց՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։
 
Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։ 
 
Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցեցին նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն