Հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու նպատակը. ԱԳՆ


Հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու նպատակը. ԱԳՆ

  • 02-11-2020 10:00:37   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
 
Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ-ն գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկչի էլ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր, Սիրիայի Համա քաղաքից:
 
Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:
 
Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:
 
Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:
 
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական