«Ի զեն». Կամերային թատրոնի մի քանի դերասան հանդես է եկել մարտակոչով


«Ի զեն». Կամերային թատրոնի մի քանի դերասան հանդես է եկել մարտակոչով

  • 02-11-2020 10:08:17   | Հայաստան  |  Հասարակություն

Կամերային թատրոնի դերասական կազմի որոշ անդամներ համատեղ տեսաուղերձի միջոցով հանդես են եկել մարտակչով, որտեղ կոչ են անում հայ ժողովրդին վերցնել զենք և պայքարել հանուն հայրենիքի: Կոչը հրապարակվել է «Ի զե՛ն» վերտառությամբ: Նկարահանվել են դերասաններ Լուիզա Ներսիսյանը, Քեթրին Մանասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Վահե Զիրոյանը, Սենիկ Բարսեղյանը:
 
Լուիզա Ներսիսյան. «Ի զե՛ն՝ որքան թափ ու թև կա այդ սեղմ խոսքի մեջ: Քիչ լեզուների է տրված հայոց այդ մի զույգ բառերի արտահայտչական թափը: Լսելով կամ մտովի կրկնելով ռազմականչը՝ պատկերում ես հանկարծակի արթնացած վարգրին, որը ձգվում է հարձակվելուց առաջ, արծվին, որը թափ է առնում թռիչքից առաջ և նպատակասլաց հեծյալին, որի երիվարի սմբակները կայծակներ են արձակում:
 
Ի զե՛ն»:
 
Ռաֆայել Երանոսյան. «Հերոսական խելահեղ մի մարշ է դա, որ ոտքի է հանում հայոց բանակներ, շարժում, փոթորկում և վարում դեպի ստույգ հաղթանակ: Դա հարուցիչ մի կանչ է, որի սրբազան իմաստին հնազանդվելով՝ քանի-քանի անգամ հայոց բանակները կատաղությամբ հարբած հասել են Հայաստանի սահամանները ու մահվան դեմ լեռնացել:
 
Ի զե՛ն»:
 
Գրիգոր Բաղդասարյան. «Հեռավոր մարտերի և հաղթանակների մի գոռ արձագանք, որը, դարերը ճեղքելով, վերստին գալիս է ռազմի փողը հնչեցնելու. «Ելե՛ք, ելե՛ք, կռվի՛ ելեք նորից»:
 
Ի զե՛ն»:
 
Վահե Զիրոյան. «Դա մեր դասական ռազմավարների ոգու մոլեգնած փոթորիկն է, որի թափին կարոտած հայ ռազմիկները կերթային փնտրելու մահը՝ նրանց իրենց դրոշի առաջ ծնկի բերելու:
 
Ի զե՛ն»:
 
Քեթրին Մանասյան. «Մի ահեղ ճիչ է դա, ճիչը հայ հողի, որից արթնանում է հայոց արդար ատելությունը ու զինվում մահաբեր թշնամու դեմ: Մի ամպրոպ, մի շանթ՝ հայոց սրտի երկնքից արձակված:
 
Ի զե՛ն»:
 
Սենիկ Բարսեղյան. «Մահասաստ մի հրաման, որը հայ մարտիկին մոռացնել է տալիս կյանքն ու աշխարհը ողջ և նրան համակում Հայաստանի ու հաղթանակի ծարավով:
 
Ի զե՛ն, հայե՛ր, ի զե՛ն»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play