Հայաստանը խնայեց ՀԱՊԿ-ը. լուծվում են այլ խնդիրներ


Հայաստանը խնայեց ՀԱՊԿ-ը. լուծվում են այլ խնդիրներ

  • 05-11-2020 18:25:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Արվում է այն, ինչ որպես գործիքակազմ համարում ենք անհրաժեշտ, ինչը ենթադրում է արագություն, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով ՀԱՊԿ դիմելու վերաբերյալ հարցին:
 
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պատասխանը, եւ ընդհանրապես ՀԱՊԿ-ին չդիմելու հանգամանքը պարզորոշ վկայում է, որ Հայաստանը պարզապես ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ը պայթեցնելու հեռանկարից: Բանն այն է, որ դիմել ՀԱՊԿ-ին, նշանակում է այդ կազմակերպությանը դնել փաստի առաջ: Գրեթե կասկած չկա, որ այդ քննարկումները վերածվելու են ճահճի, հաշվի առնելով, որ առնվազն մի շարք անդամներ որեւէ կերպ չեն համաձայնելու Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ որեւէ քաղաքական, առավել եւս ռազմական ակտի, որի մասին արդեն իսկ արտահայտվել են: Հետեւաբար, պայթելու է ՀԱՊԿ բլոկային բնույթը, արդեն գործնականում ի ցույց դնելով, որ չկա այդպիսի ռազմա-քաղաքական կառույց, այն բոլորովին այլ խնդիրներ ու նպատակներ հետապնդող միավոր է:
 
Պե՞տք է արդյոք դա Հայաստանին: Ներկայում Հայաստանի աշխատանքային ուղղությունը Ռուսաստանի հետ պայմանագրային բազան է, եւ թերեւս հենց դա նկատի ուներ նախարար Մնացականյանը՝ գործիքներն ընտրելիս եւ կիրառելիս արագության հանգամանքը հաշվի առնելով:
 
ՀԱՊԿ ժամանակը կգա, եւ այդ խնդիրը հասունացնում է ամենեւին ոչ Հայաստանը, այլ աշխարհակարգային նոր իրողություններն ու ռեգիոնալ անվտանգային վերափոխումները, որ ծավալվում են նաեւ Արցախի դեմ ագրեսիայով եւ որոնք առնչվելու են եվրասիական միջավայրին: Եվ չի կարելի բացառել, որ այդ իրադարձությունների համատեքստում հասունանալու է Հայաստանին ՀԱՊԿ դիմումի հարցը:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն