Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» հիմնադրամին
06-11-2020 13:48:24 | Հայաստան | Մշակույթ
Կինոռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15.000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի կենտրոնում հոկտեմբերի 24-ից մեկնարկել էր Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» անհատական ցուցահանդեսը։ Այն տեւելու էր մինչեւ 2021 մարտի 7-ը, սակայն համավարակի պատճառով հետաձգվել է։
Համավարկի երկրորդ ալիքով պայմանվորված՝ Ֆրանսիայում մինչեւ դեկտեմբերի 1-ը փակվել են թանգարանները, մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը։ Կարտիե հիմնադրամը եւս ժամանակավորապես դադարեցրել է «Բնություն» ցուցահանդեսի նախագիծը։
kinoashkharh-ից տեղեկանում ենք, որ Փելեշյանի այս ֆիլմի թե՛ պրեմիերային, թե՛ զուգակցվող ցուցահանդեսին Կարտիե հիմնադրամը երկար էր պատրաստվել ու մեծ ոգեւորությամբ իր կայքում նախապես տեղեկացրել էր նշանակալի իրադարձության մասին՝ նշելով. «Ուրախ ենք տեղեկացնել, որ ներկայացնելու ենք լեգենդար ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմի պրեմիերան։ Արտավազդ Փելեշյանի եւ Կարտիե հիմնադրամի համագործակցությունը 20 տարվա պատմություն ունի։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի եւ Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ»։ Այն առաջիկայում ցուցադրվելու է նաեւ Գերմանիայում, Մոսկվայում եւ Միլանում: