Մակրոնն ու Թրյուդոն բռնում են Կուրցի ձեռքն ու գալիս Հայաստան, ահա քեզ դաշինք

06-11-2020 17:16:15   | Հայաստան  |  Վերլուծություն
Վիեննայում տեղի ունեցած ահաբեկությունից հետո Ավստրիայի երիտասարդ կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրոպային կոչ էր արել ստեղծել հակաահաբեկչական դաշինք: Ու՞մ է կոնկրետ հասցեագրված երիտասարդ Կուրցի կոչը, այդքան էլ պարզ չէ, կամ պարզ է այնքանով, որքանով պարզ է, թե ինչ է Եվրոպան, առնվազն քաղաքական կամ ռազմա-քաղաքական իմաստով: Իսկ թե ինչ է Եվրոպան ռազմա-քաղաքական իմաստով՝ պարզ չէ: Օրինակ, ինչ է Էրդողանը, որ Եվրոպայի վրա մատ է թափ տալիս եւ արդեն անգամ ոտք սրբում, պարզ է, իսկ թե ինչ է Եվրոպան…
 


Հետեւաբար պարզ չէ, թե ում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կոչ անում Ավստրիայի երիտասարդ վարչապետը: Որովհետեւ, մինչ նա անում է այդ կոչերը, եվրոպացիներին սեփական փողոցներում հանգիստ քայլել թույլ չտալու սպառնալիք հնչեցնող թուրքը խոսքից արդեն
վաղուց անցել է գործի:
 
Հետեւաբար, այստեղ է նաեւ բանաձեւը, թե ինչ է Եվրոպան: Եվրոպան այն է, որը խոսքից կանցնի գործի: Կամ Եվրոպան նրանք են, որոնք խոսքից կանցնեն գործի: Ընդ որում, Եվրոպան այստեղ գուցե ստանում է արդեն որոշակիորեն այլ ձեւաչափ, այն իմաստով, որ ռազմա-քաղաքական
եւ աշխարհագրական Եվրոպաները դառնում են տարբեր: Եվ այստեղ է թերեւս եվրոպական անվտանգության առանցքային բանաձեւը: Եվրոպան չունի աշխարհագրական անվտանգություն, ըստ այդմ անվտանգ լինելու համար Եվրոպան պետք է առաջնորդվի ռազմա-քաղաքական, ոչ թե աշխարհագրական չափումներով ու սահմանագծումներով:
 
Ահա այստեղ է նաեւ Երեւանի ու Ստեփանակերտի հայտարարությունների, միջազգային հանրությանը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչի տրամաբանությունը, որ հնչել է Ստեփանակերտից: Դաշինքի անհրաժեշտությունը, որ առաջարկում է Եվրոպային Սեբաստիան Կուրցը, դեռեւս մեկ ամիս առաջ բարձրաձայնել է թուրք-ահաբեկչական գրոհի ենթարկված Արցախի նախագահը:
 
Կուրցին պետք չէ դաշինք ստեղծել, պետք է միանալ դաշինքին՝ հայ ժողովրդի եւ հայկական բանակի «դաշինքին», որը պայքարում է ահաբեկության դեմ Եվրոպայի ռազմա-քաղաքական առաջնագծում: Մինչ Եվրոպայի երիտասարդ առաջնորդները քննարկում են, թե ինչ անել: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Կանադայի երիտասարդ վարչապետ Թրյուդոյի հետ քննարկել է իրավիճակն Արցախում, ինչպես հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը: Թե ինչ են քննարկել, մանրամասները հայտնի չեն:
 
Եվ թերեւս կարեւոր էլ չեն, որովհետեւ խնդիրը շատ պարզ է՝ խոսքից անցնել գործի: Իսկ դրա համար, եթե Ֆրանսիայի նախագահը զանգահարում է Կանադայի վարչապետին, ապա թերեւս դա կարող է իմաստավորել մի նպատակ՝ Թրյուդոյի հետ բռնել Կուրցի ձեռքն ու նստել Հայաստան եկող օդանավը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3050 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար