Եթե շարունակվեին նման տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը. ԱՀ նախագահ
10-11-2020 10:16:38 | Հայաստան | Հասարակություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հանդես եկավ տեսաուղերձով՝ մանրամասն ներկայացնելով այս օրերի իրադրությունն ու պատճառները, թե ինչու ստորագրվեց մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր:
Արայիկ Հարությունյանի խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 8-ին գտնվելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր լուսաբացների մեկը:
Ինչու եմ հայտարարել՝ չբացելով փակագծերը, որովհետեւ նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ:
Այսօր էլ ուզում եմ հայտնել, որ իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, երբ շատ ծանր օրեր եմ ունեցել 92,94 թվականներին՝ կորցնելով շատ հարազատներ: Նրանցից շատերին ես կորցրել եմ իմ ձեռքերում, բայց կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ, որոշումներ կայացնել, բայց այ որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ պատմությունն ինչպիսի գնահատական կտա, բայց մենք ստիպված ենք եղել:
Ինչու. Նախ ռազմական իրադրության պատճառով. 43 օր ռազմական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանը եւ ամենագկխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա:
Եթե շարունակվեին նման տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, ավելի շատ զոհեր կունենայինք: Քանի որ մարտական գործողությունները կտեղափոխվեին մեր առաջնագծի համար թիկունք համարվող վայր, մենք կկորցնեինք առաջնագիծը, մանավանդ՝ ժամկետային զինծառայողների մասով:
Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե մենք կորցնեինք Ստեփանակերտը, ինչ կլիներ մեր Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում առկա զինվորների մասով, ինչ-որ տեղ շրջափակման մեջ մնալ;ու մեծ հնարավորություններ կարող էին ունենալ:
Կարծես թե մեր ՀՕՊ-երով մեզ հաջողվել էր մի քանի օր պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից, բայց վերջին երկու օրերի ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կամ ԱԹՍ-ների շնորհիվ կարողացան զգալի վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ վերջին ժամերին Մարտունու շրչջանում: Եվ այդ բոլոր կորուստները հասցվել են անօդաչուներվ: Այդպես էլ մեզ չհաջողվեց, իսկ ինչու չհաջողվեց, պատասխան ենք տալու մենք բոլորս, այո՛, բոլորս, որովհետեւ բոլորս գիտեինք, որ մեր պաշտպանության բանակն այդ կարիքը ուներ, բոլորս, ովքեր զբաղեցրել էին պաշտոններ վերջին տասնամյակում:
Բարոյահոգեբանական վիճակը մեր զորքի այդքան էլ լավ չէր, կարելի է ասել՝ ծայրաստիճան վատ էր: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում էր, 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, բուժելու, ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետանակոծություն, բայց այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության զորքի:
Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում, թուրքական զինվորներ եւս եղել են, վարձկաններ, ահաբեկիչներ: Կռվում էր հայ կամավորը եւ հայ զինվորը., մանավանդ՝ զինվորը: Ես խոնարհվում եմ հայ զինվորի առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն են եղել այդ ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջեւ:
Ստիպված էինք, որ նույն այդ ժամկետային զինծառայողների կյանքը խնայեինք, փրկեինք:
Կարող եք հարցել՝ ինչու այդ մասին տեղեկացված չէինք, կոչ եմ արել դեռ Աղդամից, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք, հոկտեմբերի 29-ին Շուշիից, որ Շուշին վտանգված է:
Վիճում էին՝ Շուշին մերն է, թե չէ, բայց Շուշիի վերահսկողությունը մենք կորցրել ենք հիմնականում նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից...
Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն մարդկային եւ զինտեխնիկայի ռեսուրսներով, որ կար: Շատ երկար փորձում էին բանակցությունների սեղանի շուրջ պայմանավորվածության գալ, բայց չստացվեց: Իհարկե ես բանակցություններին չեմ մասնակցել, բայց խնդիրները մեծ էին:
Ամեն ինչ առջեւում է, Արցախը, Հայաստանն ու հայ ազգը շատ ծանր օրեր են ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել՝ հետագայում ճիշտ որոշումներ կայացնելու եւ նաեւ հաջողություններ գրանցելու համար»: