ՌԴ-ն կարդարացնի՞ ուղղաթիռի խոցումը. առայժմ գոհ են


ՌԴ-ն կարդարացնի՞ ուղղաթիռի խոցումը. առայժմ գոհ են

  • 10-11-2020 16:24:55   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին Նախիջեւանից խոցված ռուսական ուղղաթիռի դեպքի հետաքննության արդյունքին: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Երբ հայտնի դարձավ դրա մասին, ադրբեջանական կողմն անմիջապես ներողություն խնդրեց թյուրիմացության համար, ասելով, թե լարված իրավիճակ է, նախկինում այդ տեղերով ռուսական ուղղաթիռներ չեն թռչել եւ իրենց մտքով չի անցել, որ դա ռուսական է: ՌԴ ԱԳՆ գոհունակություն էր հայտնել այդ ներողությունից:
 
Հայտնի է նաեւ, որ այդ միջադեպից ժամեր անց տարածվեց տեղեկությունը պատերազմի դադարեցման հայտնի որոշման մասին, որը ոչ միայն հայկական կողմի, այլ նաեւ Ռուսաստանի հերթական զիջումն էր Թուրքիային:
 
Այժմ ՌԴ-ն ուղղաթիռի դեպքի հետաքննության արդյունքին սպասում է, որ ի՞նչ անի: Ի՞նչ է ուզում պարզել Ռուսաստանը, երբ Ադբրբեջանը խոստովանել է, որ ինքն է խոցել, որովհետեւ մութ էր, սահմանին շատ մոտ էր, հայ-ադրբեջանական իրավիճակն էլ լարված էր:
 
Հետաքննությունից էլ ի՞նչ է սպասում ՌԴ-ն: Արդյոք սպասում է տվյալներ, որ մեղադրի օրինակ անձնակազմին կամ որեւէ այլ մեկի՝ սահմանին շատ մոտենալու, կամ առանց ադրբեջանական կողմին նախազգուշացման թռիչք կատարելու համար:
 
Թվում է, թե դա աներեւակայելի է, բայց ամբողջ հարցն այն է, որ կան ցավալի ու ոչ պակաս ողբերգական նախադեպեր: Օրինակ, Սիրիայում 2015 թվականին ռուսական ռազմական օդանավի խոցումը թուրքական օդանավից, 2016 թվականին էլ Անկարայում ցուցահանդեսի բացմանը անվտանգության ծառայության անդամներից մեկի ձեռքով ՌԴ դեսպանի գնդակահարությունը տեսախցիկների առաջ:
 
Ընդ որում, օդանավի միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունն անցավ մի քանի ամիս սառեցման փուլով, իսկ դեսպանի սպանությունը տեղի ունեցավ հաշտությունից կարճ ժամանակ անց: Երկու դեպքում էլ Ռուսաստանը որդեգրեց Թուրքիայի արդարացման դիրքորոշում, հայտարարելով, որ  օդանավի խոցումն ու դեսպանի սպանությունն արել են երրորդ ուժեր, որոնք ուզում են փչացնել ռուս-թուրքական հարաբերությունը:
 
Ի դեպ, հատկանշական է, որ 2016-ի չստացված հեղաշրջումից հետո Էրդողանը սկսելով մաքրել զինված ուժերը, ձերբակալեց նաեւ այն ռազմական օդաչուին, որը խոցել էր ռուսական օդանավը: Հայտնի է, որ Էրդողանը հեղաշրջման համար մեղադրում էր ԱՄՆ-ում գտնվող Գյուլենին, իսկ հեղաշրջումը տապալելու համար շնորհակալություն հայտնում իրեն ժամանակին զգուշացրած Ռուսաստանին:
 
Արդյոք Ռուսաստանի Դաշնությունը սպասում է Նախիջեւանի սահմանին խոցված ուղղաթիռի դեպքի հետաքննության արդյունքին, որպեսզի հայտարարի, որ Նախիջեւանից մի «երրորդ ուժ» է կրակել ռուսական ուղղաթիռի վրա՝ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունը փչացնելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն