Մի արեք դա, բանակից հեռու, որքան հնարավոր է


Մի արեք դա, բանակից հեռու, որքան հնարավոր է

  • 12-11-2020 14:15:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում թեժ քաղաքական գործընթաց է, իշխանությանն Արցախ հանձնելու համար ուղղված մեղադրանքներով, տարբեր ուժերին իշխանությունից ուղղվող դավաճանության մեղադրանքներով, փողոցային ակցիաներով, ձերբակալություններով:
 
Այդ ամենի ընթացքում շոշափվում է բանակը, երկուստեք: Ընդդիմությունը փորձում է բանակը ներգրավել իշխանության դեմ պայքարում, իշխանությունը փորձում է ցույց տալ, որ դավաճանության մեջ ներգրավված են եղել նաեւ բանակայիններ, խոսվում է այն մասին, թե ջոկատներ կան, որ չեն կռվել, վախեցել են, դասալքել են եւ այլն:
 
Ընդ որում, հնարավոր է, որ իրողությունների առումով ճշմարտության հատիկներ կան երկու դիրքավորումներում էլ: Բայց, եթե անգամ կարող են լինել ճշմարտության հատիկներ, դա խիստ վտանգավոր է եւ կարող է բերել այս դեպքում այլեւս անշրջելի աղետի:
 
Չի կարելի ցնցել առավել եւս ահավոր խոցված ու վիրավոր հայկական պետականության հիմքը: Բանակն այդ հիմքն է, այն պահող առանցքը: Ինչ ընթացք կունենա քաղաքական թեժ պայքարը, պարզ չէ: Այդ պայքարը բնական եւ օրինաչափ է այնպիսի համաձայնագրից հետո, որ ստորագրված է: Մյուս կողմից, բնական է, որ կարող էին լինել ուժեր, որոնք պատերազմն օգտագործեին քաղաքական անազնիվ նպատակների համար:
 
Պատերազմական իրավիճակում հնարավոր է ամեն ինչ, եւ եթե այդ հնարավորները կարող են վճռել պատերազմի ելք եւ բերել ռազմա-քաղաքական ծանր հետեւանքի, ուրեմն դա նախապատերազմական թերացումների հետեւանք է: Ի հերթին, հանրային ամեն շերտ ունի այդ հնարավոր թերացումների իր պատկերացումը: Մեկի համար դա այն է, որ հեղափոխությունից հետո գիլյոտինը չի իջել մինչեւ վերջ, մյուսի համար այն, որ հեղափոխությունից հետո ժամանակը վատնվել է հենց գիլյոտինի աստիճան պարզելու վրա, այլ ոչ բոլոր, այդ թվում ռազմա-քաղաքական իմաստով ստեղծարարության: Մի բան աներկբա է, որ ծանրագույն պարտությունը առաջին պատերազմից հետո Հայաստանի ոչ թե որեւէ առանձին փուլի, այլ այդ հետհաղթանակային Հայաստանի ամբողջ պատմության պարտությունն է:
 
Եվ միակն այստեղ հայկական բանակն է, որ գործնականում իր վրա է կրել այդ ամբողջ պատմության մեջ հայկական սուբյեկտության բեռը, ճակատագրական ու բախտորոշ մի շարք պահերի պահել հայկական ինքնիշխանության ու արժանապատվության թելն ու իր ուժերի չափով պահել հայկական հաղթանակը:
 
Բանակի շուրջ ներկայում տեղի ունեցողը  վերածվում է կապիտուլյացիոն փաստաթղթի շարունակության, արդեն ամբողջապես Հայաստան պետության վերացման վտանգով:
 
Բանակը ոչ մեկից ոչ միայն պակաս չի սիրում Արցախի եւ Հայաստանի ամեն մի թիզը, այլ կյանքի ու մահվան գնով պահել ու պահում է այն: Բանակը այսօր առանց այդ էլ վիրավոր է, թույլ տվեք այն ապաքինվի, ոտքի կանգնի: Օգնենք այդ հարցում ամեն ինչով:
 
Հայկական բանակն է պահելու խոցված պետությունն ու բոլորիս, Աստված պահի հայկական բանակը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն