Եթե չկարողանանք մարդկանց վերադարձնել ապրելու հույսն ու հավատը Հայաստանի նկատմամբ, պետության գոյության հարցն է կասկածի տակ


Եթե չկարողանանք մարդկանց վերադարձնել ապրելու հույսն ու հավատը Հայաստանի նկատմամբ, պետության գոյության հարցն է կասկածի տակ

  • 18-11-2020 12:07:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

 
Հայտնի հայտարարության ստորագրումից հետո 17 կուսակցություններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մյուս կողմից վարչապետն ասում է, որ նման օրակարգ ինքը չունի: Ձեր կարծիքով` ո՞րն է ելքն այս վիճակում:
 
Ստորագրված հայտարարությամբ Հայաստանը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, ընդ որում խորը հանրային ճգնաժամի մեջ, քաղաքական ճգնաժամը դեռ մի կողմ: Մարդիկ չգիտեն էս կյանքից, էս երկրից ինչ սպասեն: Չգիտեն՝ պատերազմ սպասեն, թե խաղաղություն, տնտեսական ճգնաժամ, թե տնտեսական մեծ խթաններ: Այդ նույնն արտացոլվում է քաղաքականության մեջ: Երկու կողմերն էլ շատ թյուր տպավորություն ունեն, թե իրենք մեծ աջակցություն ունեն ժողովրդի կողմից: Մարդիկ, որ այսօր ոչ փողոց դուրս գալով աջակցում են 17 ուժերին, ոչ էլ կառավարությանն են գնում աջակցելու, դա նրանից չէ, որ ուժերից մեկի կամ  մյուսի հետ համաձայն են, որ կողմերից մեկը հանրային աջակցություն ունի: Դա նրանից է, որ մարդիկ ուղենիշներ չունեն, չգիտեն՝ ինչ սպասեն, չգիտեն՝ ինչը առաջ մղել, չգիտեն՝ որ տարբերակի դեպքում լավ կլինի: Նման պայմաններում եթե մենք չկարողանանք այս խնդրին տալ լուծում, որ մարդկանց վերադարձնի իրենց ուղենիշները, ապրելու հույսն ու հավատը Հայաստանի նկատմամբ, ընդհանրապես Հայաստան պետության գոյության հարցն է կասկածի տակ դրված: Ես դեռ չեմ խոսում պաշտպանունակության մասին: Սահմանները բացվելուց հետո արտագաղթի ծավալները, որ մենք կտեսնենք, կարող են աննախադեպ լինել, պատմության մեջ չեղած ծավալներ լինեն: Որովհետև մարդը, որ իր անվտանգությունը, իր երեխայի ապագան ոչ մի բանի մեջ չի տեսնում, այդ մարդուն դժվար է ասել՝ մնա այս երկրում, լավ կլինի: Այդ լուծումները մենք պետք է կարողանանք առաջարկել մարդկանց: Այդպիսի օրակարգ, այդպիսի ծրագիր է պետք, որ մարդկանց կտա հույս, կտա կայունություն ու հավատ:
 
Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, կեղծ է հարցադրումը՝ պե՞տք է պահանջել վարչապետի հրաժարականը, թե ոչ: Դա նույնն է, որ մարդուն հարցնես՝ դու համաձա՞յն ես, որ առավոտյան արևը ծագի, կամ երեկոյան արևը մայր մտի: Ակնհայտ է, որ գործող կառավարությունը չի կարողանալու ժամանակի հետ կառավարել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Դա բոլորին է ակնհայտ:  Հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս Հայաստանը դնել ճիշտ ռելսերի վրա: Այս խնդիրը պետք է ձևակերպել: Իսկ վարչապետի հրաժարականը պարզապես ժամանակի հարց է:
 
Իսկ ինչպե՞ս Հայաստանը դնել ճիշտ ռելսերի վրա: Դուք դա տեսնո՞ւմ եք:
 
Այդ հարցի հանրային քննարկում չկա ու դա նորմալ է, որովհետև Հայաստանը հայտնվել է հանրային ճգնաժամի մեջ: Նման պայմաններում լուծումները չեն գալիս ֆեյսբուքից, ինչ-որ մեկի գրառումից: Նման պայմաններում լուծումը գալիս է կոնկրետ տեղերից, կոնկրետ մարդկանցից, անհատներից, և  բոլորը կարող են այդպիսի լուծումներ ձևակերպել, և գուցե ինչ-որ մեկը կհաջողի այդ ձևակերպման մեջ: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, օր-օրի լուրեր են գալիս նորանոր մարդկանց կյանքի սպառնալիքների մասին: Այսինքն մարդը գրում է, որ իր վրա հարձակվեցին, մարդը գրում է, որ իրեն դանակահարեցին, մարդը գրում է, որ իր հարազատը կամրջից ընկել է, մարդը գրում է, որ իր հարազատին դաշտում գլխից հրազենային վնասվածքով են գտել: Սա ինձ թվում է՝ ազդակ է, որ մեր վերցրած ճանապարհը ճիշտ չէ: Այսօր Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կարող է ամբողջապես պահպանի կառավարումը կամ ամբողջապես վերցնի կառավարումը: Հետևաբար, ամենասկզբունքային դիրքերից պետք է մի-մի քայլ հետ գնալ ու հասկանալ, թե ոնց ենք վարվում մեր առջև ծառացած խնդիրների հետ, և ոնց ենք հանրությանը հույս ներշնչում, ուղենիշներ տալիս, թե ինչպես անենք լավ ու ապահով ապրելու համար: Սա է խնդիրը, որ պետք է արվի: Մենք հիմա, օրինակ, այդպիսի քննարկումների մեջ ենք: Եթե կողմերը պատրաստ լինեն իրենց սկզբունքային դիրքերից մի-մի քայլ հետ գնալ, մենք պատրաստ ենք միջնորդ լինել հայրենիքի ապագայի վերաբերյալ համաձայնության կայացման համար:
 
Իսկ նախագահի հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ով առաջարկում է կազմել ազգային համաձայնության կառավարություն և անցկացնել նոր ընտրություններ:
 
Ես արդեն ասացի, որ դա պարզագույն կանխատեսում է, որ այս կառավարությունը չի կարող կառավարել, չունի կառավարելու այդ կապիտալը այս ճգնաժամային իրավիճակում: Անգամ կառավարության հասարակ աշխատակիցները, ես դեռ քաղաքական ղեկավարներին չեմ ասում, ուղենիշները կորցրած վիճակում են: Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն: Պետական ապարատը ձախողված է, ոչ մեկը չգիտի՝ ոնց անի, որ լավ լինի: Այս իրավիճակում չի կարող պետությունն իր առջև ծառացած մարտահրավերների դեմն առնել, լուծումներ գտնել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ես դեմ եմ շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, որովհետև ընտրություններն այն պայմաններում, երբ կան ավտոմատավոր մարդիկ, երբ հանրության մեջ ատելության դոզան այնքան բարձր է, որ քարոզարշավ անող թեկնածուին կարող են սպանել, կապ չունի՝ որ ճամբարից է, երբ փողոցներում մեր երիտասարդների անուններով սև ժապավեններ են կախված, տարրական բարոյականության հարց է, ես չեմ կարող այդ ժապավենի տակով անցնեմ ու մարդուն ասեմ՝ ընտրեք հանուն ձեր լավ ապագայի: Բարոյականությունից զուրկ պետք է լինես, որ մտնես այդ փողոց ու այդ տեքստն ասես: Այդ պայմաններում ընտրություններն անհնար են: Ընտրությունները հիմա լինելու են այն բանի շուրջ, թե ով ավելի անիրատեսական բան կձևակերպի: Ասենք, ով ասաց՝ մենք մի շաբաթից Բաքվում չայ ենք խմելու, կարող է հենց նա էլ ընտրվի: Չի կարելի թույլ տալ, որ հանրությանը տանեն արկածախնդրության, չի կարելի թույլ տալ խաղալ հասարակության զգացմունքների հետ, որ կողմն էլ լինի:
 
Մյուս կողմից, չի կարելի նաև թույլ տալ հանրությանը սնել վախերով, որ եթե դուք պայքարեք ձեր իրավունքների համար, ձեր պետության համար, ձեր արտաքին անվտանգության համար, ավելի վատ կլինի, եկեք վախենանք, նստենք Երևանում, ինչ ասում են՝ ստորագրենք, զիջենք: Հետևաբար, ես կարծում եմ, որ պետք է գտնել այլ քաղաքական լուծում, երկիրը ընտրությունների տանել այն ժամանակ, երբ որ հանրությունը կունենա ուղենիշներ, ցանկություններ, ակնկալիքներ, կունենա վերակենդանացած քննադատական մտածողություն՝ ամեն մի տարբերակ ծանրութեթև անելու համար: Ես այսօր վստահ չեմ, որ ունակ եմ ընտրություն անելու քաղաքական ուժերի միջև, այն դեպքում, երբ ամբողջ օրը քաղաքական պրոցեսի մեջ եմ:
 
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ