«Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան
18-11-2020 14:48:43 | Հայաստան | Մշակույթ
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Տասնմեկ կարճամետրաժ ֆիլմերց բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով:
Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։
«Փոխկախվածություն» ֆիլմը ART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։
ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։
«Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում «Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։