Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է ԱՄՆ-ի պետական<br /> շահերից,- գտնում է Կիրո Մանոյանը<br />


Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է ԱՄՆ-ի պետական
շահերից,- գտնում է Կիրո Մանոյանը

  • 16-03-2009 17:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ, չպետք է բացառել, որ 2009թ.-ի ընթացքում Հայասանի եւ Թուրքիայի միջեւ կստորագրվի փաստաթուղթ սահմանը բացելու վերաբերյալ: Ինչպես ՀՅԴ-ական գործիչը նշեց մարտի 16-ի ասուլիսում, իր այդ եզրահանգմանը նա եկել է` հիմնվելով շրջանառվող լուրերի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների վրա: Նշված փաստաթղթի ստորագրումը, Կ.Մանոյանի խոսքերով, կախված է այն բանից, թե արդյո՞ք Թուրքիան քաղաքական կամք կդրսեւորի: «Թուրքերը հասկանում են, որ այդ փաստաթուղթն իրենց շահերից է բխում»,- ասաց դաշնակցական գործիչը: Անդրադառնալով Հայաստանի շահերին, նա մտահոգություն հայտնեց, որ նման փաստաթղթի առկայությունը միգուցե կկաշկանդի հայերին սեփական իրավունքները պաշտպանելու հարցում, ինչպես նաեւ կհարկադրի հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից: Կ.Մանոյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն ներկայումս պատրաստում է վերլուծություն` նպատակ ունենալով պարզել հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Ըստ նրա, սահմանի բացումը կարող է հանդիսանալ «թուրքական տնտեսական ներխուժման առիթ»: ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի ապրիլի 6-ին Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ Կ.Մանոյանը կարծիք հայտնեց, որ այն երկու մեկնաբանություն ունի: Առաջին մեկնաբանությունը, նրա խոսքերով, այն է, որ Բ.Օբաման որոշել է ապրիլի 24-ին չգործածել «ցեղասպանություն» բառը եւ գնում է թուրքերին հանգստացնելու, իսկ մյուսը` որ նա որոշել է արտասանել այդ բառը եւ ցանկանում է ինչ-որ կերպ սիրաշահել Թուրքիային: Կ.Մանոյանի համոզմամբ, ԱՄՆ-ի նախագահը կկատարի իր նախընտրական խոստումը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա չի խուսափի դա անել` փորձելով չվտանգել ԱՄՆ-ի պետական շահը, Կ.Մանոյանը հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը բխում է հենց ԱՄՆ-ի շահերից: «Պետական շահը որոշում է նախագահը, եւ նա չի ցանկանա մշտապես շանտաժի լեզվով խոսող գործընկեր ունենա, ինչպիսին Թուրքիան է: Բ.Օբաման կձգտի մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը»,- եզրափակեց բանախոսը:
Նոյյան տապան  -   Քաղաքական