Ռուսաստանը շահագրգռված է պահել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ոչ մի լեգալ հիմք չկա այս ռուս-ադրբեջանա-հայկական որոշման տակ


Ռուսաստանը շահագրգռված է պահել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ոչ մի լեգալ հիմք չկա այս ռուս-ադրբեջանա-հայկական որոշման տակ

  • 20-11-2020 14:00:35   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը
 
Տարբեր քաղաքական ուժեր առաջարկում են ճանապարհային քարտեզ. առաջարկվում են արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականի ճանապարհով, վարչապետն իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում 6 ամիս կտրվածքով: Դուք ի՞նչ կարծիք ունեք, որը ավելի կենսունակ կարող է լինել այս պահին:
 
Իմ կարծիքով անհրաժեշտ են արտահերթ ընտրությունները և կարևոր են, որ ստեղծվեն պայմաններ, որ դրանք լինեն ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ: Ճանապարհային քարտեզը առաջին հերթին պետք է այդ հանգամանքներով որոշվի, որ հնարավոր լինի ստեղծել այդպիսի պայմաններ, հնարավոր լինի անցումային ժամանակահատվածում ապահովել անաչառ և հավասարակշռված կառավարում: Մեր քաղաքական ուժը սատարում է Արմեն Սարգսյանի հայտարարությանը, մենք գտնում ենք, որ այսօր ՀՀ նախագահն է այն մարմինը, որ ունի բավարար վստահություն, ի տարբերություն կառավարության, և անցումային շրջանում կարող է վերցնել կառավարման բեռն իր ուսերին:
 
Ես կարծում եմ՝ պետք է ականջալուր լինել նախագահի կոչին և պետք է այնպիսի ճանապարհային քարտեզ մշակել, որը հնարավորություն կտա երկրում պայմաններ ստեղծել ազնիվ ու արդար ընտրությունների համար: Այսօր այդպիսի պայմաններ չկան: Եթե  հենց հիմա արվեն ընտրություններ այս ընտրական օրենսգրքով և այս ԿԸՀ-ով, դրանք արդար ու ազատ չեն լինի: Այսինքն հարկավոր են մի շարք գործողություններ, որոնք կստեղծեն պայմաններ՝ արդար ընտրությունների անցկացման համար, այդ թվում պետք է փոխվի ԿԸՀ կազմը: 
 
Իսկ Արմեն Սարգսյանը կարո՞ղ է լինել այդ համախմբողը կամ այդ վստահությունն ունենալ հանրության  մոտ՝ հաշվի առնելով, որ նրան անընդհատ մեղադրում են նախկինների հետ կապերի մեջ:
 
Իսկ «Իմ քայլը» դաշինքը կապ չի՞ ունեցել նախորդ իշխանությունների հետ: Բա ինչպե՞ս են իրենք հայտնվել խորհրդարանում: Նիկոլ Փաշինյա՞նը կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ: Եթե հիշում եք՝ նախորդ իշխանությունն է իրեն ընտրել վարչապետ: Հետո կես տարի Սերժ Սարգսյանն ապրում էր Նիկոլ Փաշինյանի հետ նույն պետական ամառանոցներում, հարևաններ էին: Սերժ Սարգսյանի պահպանության թիմն անցել էր Նիկոլ Փաշինյանի պահպանությանը: Օրինակներ կան, որոնք վկայում են, որ եթե ինչ-որ մեկը կա, ով ունի նախորդ իշխանությունների հետ ամուր և գործնական կապեր, դա հենց Փաշինյանն է:
 
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ կառավարությունն առհասարակ այս պահի դրությամբ արդեն վստահելի քաղաքական միավոր չէ, Հայաստանում միակ ինստիտուտը, որտեղ պահպանվում է հանրային վստահության բավարար չափ, երկրի նախագահն է: Իհարկե, նման իրավիճակում մենք կարևորում ենք այդ հանգամանքը և գտնում ենք, որ դա պետք է ծառայի մեր երկրում կայուն և անցնցում գործընթացներին: Մի կողմից ձևավորվի օրինական իշխանություն, մյուս կողմից հնարավորություն ընձեռնվի դուրս գալ այն փակուղուց, որը մեզ բերել է Նիկոլ Փաշինյանի կառավարումը: Մեր կարծիքը հետևյալն է, որ Ռուսաստանն այսօր սպասարկում է Ղարաբաղը Ադրբեջանին վերաինտեգրելու ծրագիր և ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, ուզի թե չուզի, այդ ծրագիրն է սպասարկում:
 
Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր 17 ուժերի գործողություններն ու պահանջները:
 
Մենք  տեսնում ենք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնք դաշինք են ստեղծել մյուս քաղաքական նախաձեռնությունների հետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, ըստ էության, դեմ չեն այդ կապիտուլյացիայի պայմաններին, պարզապես ուզում են, որ իրենք դա իրականացնեն: Մեզ համար դա անընդունելի է, մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, Հայաստանը պետք է դիմի Ֆրանսիային, որպեսզի Ֆրանսիան իր զինված ուժերը տեղակայի Հայաստանում, և աստիճանաբար Հայաստանը պետք է ամփոփի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության համակարգում: Կյանքը ցույց  տվեց, որ դա էր գլխավոր պատճառը, թե ինչու մենք տապալվեցինք և այդ պարտությունը կրեցինք: Դա եղավ հենց մեր անվտանգության համակարգի սխալ ընտրության հետևանքով: Սրանք են այն հարցերը, որոնք Նիկոլ Փաշինյանը բնականաբար չի կարող իրականացնել, պետք է նոր կառավարություն: Նոր կառավարությունը պետք է ընտրվի ժողովրդի  կողմից, լինի լեգիտիմ և իրականացնի իմ ասած ծրագիրը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք վերադարձնել Ղարաբաղը:
 
Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Փոխարենն իր ճանապարհային քարտեզն է առաջարկում: Ձեր կարծիքով, եթե նա հրաժարական չտա, ցնցումները երկրում անխուսափելի կլինե՞ն:
 
Անցանկալի է նման զարգացումը, բայց հիմա միջազգային  օրակարգ է փոխվում, վստահ եմ, որ այդ հարցն ակտուալ է: Նիկոլ Փաշինյանի համար նույնպես կարևոր է հասկանալ, որ ինքը պատասխանատու է այս պարտության համար, իր նկատմամբ չի կարող լինել վստահություն: Նա պարտված կառավարության ղեկավար է, իր ղեկավարման պայմաններում չի կարող լինել օբյեկտիվ ու անաչառ գնահատական այս պատերազմի պատասխանատուների հայտնաբերման առումով: Իհարկե, հիմա Ռուսաստանը շահագրգռված է պահել Նիկոլ Փաշինյանին, որովհետև գիտեք, որ ոչ մի լեգալ հիմք չկա այս ռուս-ադրբեջանա-հայկական որոշման տակ: Ոչ Ռուսաստանը միջազգային մանդատ ունի, ոչ Մինսկի խումբն է  հավանություն տվել: Այս ամենը ոչ լեգալ գործընթաց է և այն օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը հարկավոր է Ռուսաստանին, որ նա ստորագրի անհրաժեշտ պայմանագրեր, ընդունի և իրականացնի անհրաժեշտ որոշումներ: Բայց արդյոք հայ ժողովուրդը կուզի սպասարկել Ռուսաստանի շահերը: Մենք մեր ազգային շահերի մասին պետք է մտածենք: Եթե մտածենք մեր ազգային շահերի մասին, ապա պարզ է, որ պետք է փոխել աշխարհաքաղաքական դիրքորոշումը, նոր անվտանգության համակարգ ձևավորել: Դա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդի համար, և ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում: Որքան էլ Ռուսաստանի առջև իր պարտավորությունները իր համար հիմա կարևոր են, այնուամենայնիվ, դա չի կարող գերադասվել հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությանը: Իսկ այսօր հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է անել, հետևյալն է՝ ձևավորել այնպիսի պայմաններ, որ Հայաստանում արտահերթ ընտրություններով ձևավորվի լեգիտիմ իշխանություն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ