Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով
25-11-2020 13:46:34 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հոկտեմբերին 2019-ի հոկտեմբերի համեմատ նվազել է 8.1 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.3 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 4.1 տոկոս:
2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալը աճել է 0.3 տոկոսով: Աճել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3 տոկոսով։
Մնացած ցուցանիշները, ըստ էության, անկումային են։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3 տոկոսով։
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.5 տոկոսով. արտահանումը նվազել է 5.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24.3 տոկոսով:
Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 21 տոկոսով։
Առեւտրի շրջանառությունը նվազել է 20.9 տոկոսով:
Ընդհանուր առմամբ հունվար-հոկտեմբերին 2019-ի հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով։