Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Զինվորի տան հյուրն էր


Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Զինվորի տան հյուրն էր

  • 26-11-2020 14:58:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ  այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:
 
Դեսպանին ներկայացվել է Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:
 
Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը տեղեկացվեց նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:
 
Դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։
 
Հանդիպման ավարտին դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։
 
Հյուրերը տեղեկացան, որ վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play