Հայաստանի «Աղքատության հաղթահարման աջակցության վարկավորում»<br /> ծրագիրը հաղթող է ճանաչվել ՀԲ-ի մրցույթում<br />


Հայաստանի «Աղքատության հաղթահարման աջակցության վարկավորում»
ծրագիրը հաղթող է ճանաչվել ՀԲ-ի մրցույթում

  • 06-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի մարտի 6-ի հանդիպմանը քննարկվել է ՀԲ-ի բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում առաջիկա չորս տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի փաթեթը: Գոհունակություն հայտնելով Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության մակարդակից, Տ.Սարգսյանը ասել է, որ Հայաստանը շահագրգռված է շարունակելու փոխգործակցությունը նախատեսված բոլոր, այդ թվում` կառավարման համակարգի, գյուղատնտեսության, ոռոգման համակարգի բարեփոխումների եւ այլ ծրագրերի ուղղությամբ: Նա միաժամանակ նշել է, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու հրաժարվել որոշ ռիսկային նախագծերից: Տ.Սարգսյանը վեը նշված փաթեթում կարեւորել է հատկապես սոցիալական ծրագրերի ու նախագծերի իրականացումըղ Ասադ Ալամը, իր հերթին, կարեւոր է համարել ՀԲ-ի կողմից տրամադրվող 525 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսումն ու նախատեսված ծրագրերի որակյալ իրականացումը, յուրաքանչյուր ոլորտում հստակ ռազմավարության ապահովումը` դրա հիման վրա ներդրումների ներգրավման նպատակով: Նա նշել է, որ երկու տարի հետո ծրագրերի փաթեթի իրականացման առաջընթացի վերաբերյալ հաշվետվության արդյունքներով հնարավոր կլինի անդրադառնալ նաեւ ՀԲ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորման խնդրին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության (վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած) հաղորդագրության, Ասադ Ալամը տեղեկացրել է նաեւ, որ օրերս Հայաստանի «Աղքատության հաղթահարման աջակցության վարկավորում» ծրագիրը հաղթող է ճանաչվել ՀԲ-ի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավում» 2009թ.-ի մրցույթում, եւ Տ.Սարգսյանին է հանձնել այդ ծրագրի իրականացման գործում նշանակալից արդյունքներ արձանագրելու համար սահմանված մրցանակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն