Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում


Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

  • 02-12-2020 13:25:12   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
2020 թվականը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Համավարակի պատճառով, շինհրապարակ մեկնող աշխատակիցները, գարնանն ստիպված են եղել դադարեցնել կամավորական աշխատանքները: Դրանք ստանձնած տանտերերն էլ սկզբում հուլիսյան, ապա նաև աշնանն սկսված պատերազմի պատճառով, շինարարություն են իրականացրել կարճատև դադարներով: Սեփական տունն ունենալու՝ նրանց երազանքը և գործընկեր կազմակերպությունների պատրաստակամ աջակցությունն ավելի ուժեղ ազդեցություն են ունեցել: 
 
Սահմանապահ Այգեպարում բնակվող Փայտյանների ընտանիքը վերսկսել է շինարարությունը: Զինվորական որդու երիտասարդ ընտանիքին նոր բնակարանում տեսնելու՝ հոր ցանկությունը մեծ է, գործադրվող ջանքերը՝ հետևողական: 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում տուն կորցրած Վալերիկ Փայտյանը չի կոտրվել: Զգում է սահմանին ապրելու պատասխանատվությունն ու ցանկանում երիտասարդներին ամուր, միասնական, բազմազավակ ընտանիքներով և ուժեղ տեսնել:   
 
«Սեպտեմբերին, Արցախում սկսված պատերազմի ժամանակ, կրակում էին նաև մեր գյուղի վրա: Երիտասարդներն զբաղված էին: Ոչ ոք չէր կարողանում լիարժեք աշխատել: Հիմա, երբ պատերազմը դադարեց, շարունակում ենք շինարարությունը: Կյանքը շարունակվում է, պիտի ապրենք, աշխատենք, որ մնացած հայերով միասնական ու համերաշխ լինենք: Բավականին աշխատանք ենք իրականացրել: Պիտի ավարտին հասցնենք: Երիտասարդությանը պիտի խորհուրդ տամ զգոն ու միասնական լինել, սիրել գյուղը, չհեռանալ հայրենիքից և աշխատել»,- ասել է Վալերիկ Փայտյանը:
 
Սահմանապահ Վազաշենում բնակվող Երվանդ Գևորգյանն էլ փորձել է շենացնել հոր կառուցած տունը:  Տարիների ընթացքում հասցրել է մեծացնել տան մակերեսը, կառուցել է նաև հյուրասենյակ, բայց տանիքի խնդիրը չի լուծվել: Քառասունհինգ տարվա խունացած թերթաքարերը կոտրատվել և շարքից դուրս են եկել: Գործընկերների աջակցությամբ, Երվանդին հաջողվել է ընտանիքին ազատել հերթական ձմեռը հին տանիքի տակ ապրելու հեռանկարից: 1994 թվականին, սահմանին ականից ոտքը կորցրած տանտերը լավ գիտի խաղաղության գինն ու կարևորությունը: Նոր կառուցված տանիքին զույգ աղավնիների՝ խաղաղության խորհրդանիշ է մոնտաժել:  
 
«Սահմանին ենք ապրում, ուզում ենք, որ ամեն ինչ այնքան լավ լինի, որ հարևան երկիրը դրանից նեղսրտի: Տանիքն էլ ավելի փայլուն եմ կառուցել, որ տեսնեն՝ կանք ու լինելու ենք: Աղավնիներ եմ դրել, որ խաղաղություն լինի: Պատերազմական աշխարհ է, պատերազմ տեսած մարդ եմ: Թուրքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Եթե անհրաժեշտ լինի՝ նորից կկռվենք, Բայց տանիքի վրա աղավնիները դրել եմ, որ հասկանան՝ մենք խաղաղության կողմնակիցներ ենք: Խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդներն ամուսնանան ու շատ երեխաներ ունենան»,-ասել է Երվանդ Գևորգյանը:
 
«Քանի դեռ մարդու մեջ ապրում է հավատը, բոլոր խնդիրները հաղթահարելի են: Եթե սահմանին ապրողը տուն է կառուցում, ուրեմն՝ նրա սրտում կարող է ապրել հավատը: Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք ամրացնել սեփական հողում ապրելու և բարիք ստեղծելու՝ գյուղացու կամքը: Նա կարող է երազել, ձգտել իր երազանքների իրականացմանը, եթե ունենա մենակ չմնալու վստահությունը: Թեև տարին շատ բարդ սկիզբ ունեցավ ու մինչ օրս կան տարբեր խնդիրներ, մենք պիտի ամրանանք և շարունակենք կառուցել մեր երկիրը: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում մենք, մեր գործընկերներն ու բնակարանաշինության ծրագրից օգտվող՝ մեր հայրենակիցները»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։
Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:
 
 
Վիվա-ՄՏՍ-ի մասին
 
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am     
 
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ