Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա

  • 03-12-2020 14:14:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգնմանը։
 
Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր:
 
Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր Vereniging Armeniëfonds Nederland-ի ֆինանսավորմամբ:
 
«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաև հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից և վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,- ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
 
Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խոր վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից և յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաև վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները և պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
 
Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն հիմնադրամի, ինչպես նաև հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում, որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու և նրանց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաև մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ նրանց ընտանիքներին աջակցելու համար:
 
Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետևանքները չհանգեցնեն նրանց կյանքի որակի անկման։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play